Մայամիի բանակցությունները՝ արդյունավետ, բայց առանց առաջընթացի

ԱՄՆ-ն և Ուկրաինան հայտարարել են, որ Մայամիում անցկացված բանակցությունները եղել են «արդյունավետ և կառուցողական», սակայն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի դադարեցման հարցում էական առաջընթաց դեռևս չի արձանագրվել, հայտնում է BBC-ին:

Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը համատեղ հայտարարությունում նշել են, որ քննարկումները կենտրոնացած են եղել անվտանգության երաշխիքների, խաղաղության բազմակողմ պլանի և տնտեսական վերականգնման ծրագրի շուրջ դիրքորոշումների համաձայնեցման վրա։

Մայամիում առանձին բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի միջև։

«Մեր ընդհանուր առաջնահերթությունն է դադարեցնել սպանությունները, ապահովել երաշխավորված անվտանգությունը և ստեղծել պայմաններ Ուկրաինայի վերականգնման, կայունության և երկարաժամկետ բարգավաճման համար»,-ասվում է Ուիթքոֆի և Ումերովի հայտարարության մեջ։

Ուիթքոֆը նշել է, որ Ռուսաստանի դեսպան Դմիտրիևի հետ հանդիպումները նույնպես «արդյունավետ և կառուցողական» էին, և որ «Ռուսաստանը շարունակում է լիովին հանձնառու լինել Ուկրաինայում խաղաղության հասնելուն»։

Թրամփը ճնշում է գործադրում Ուկրաինայի և Ռուսաստանի վրա՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնության գալու համար, սակայն մինչ այժմ երկու երկրները չեն կարողացել համաձայնության գալ հիմնական հարցերի շուրջ, այդ թվում՝ Մոսկվայի պահանջի շուրջ՝ պահպանել արդեն իսկ բռնագրավված հողերը։

ԱՄՆ հետախուզությունը շարունակում է զգուշացնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պահպանել առավել լայն ռազմավարական նպատակներ Ուկրաինայի նկատմամբ։

Leave a Comment