Պետդեպարտամենտի պաշտոնյայի խոսքով՝ իրավիճակին ծանոթ աղբյուրների համաձայն, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկսել է հետ կանչել նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք նշանակված մի շարք կարիերային դեսպանների, գրում է politico-ն։
Ամերիկյան արտաքին ծառայության ասոցիացիայի նախագահ Ջոն Դինկելմանը հայտնել է, որ միությունը ստացել է ոչ պաշտոնական հաղորդագրություններ Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում ծառայող դեսպաններից։ Վերջիններիս հեռախոսազանգերի միջոցով տեղեկացվել է, որ նրանք պետք է լքեն իրենց պաշտոնները մինչև հունվարի 15-ը կամ 16-ը՝ առանց որևէ պատճառաբանության։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ մոտ երկու տասնյակ դեսպանների հանձնարարական է տրվել հեռանալ իրենց պաշտոններից՝ ընդգծելով, որ հարցը կապված է կադրային քաղաքականության հետ։ Դինկելմանի խոսքով՝ միությունը դեռևս ամբողջական տվյալներ չունի, թե որքան դեսպան է ներառված գործընթացում։
Այս քայլը Թրամփի նախագահության ընթացքում դիվանագիտական կադրերի հերթական խոշոր վերադասավորումն է և հատկապես անսովոր է, քանի որ վերաբերում է կարիերային դիվանագետներին։ Սովորաբար նոր նախագահները փոխարինում են քաղաքական նշանակված դեսպաններին, մինչդեռ կարիերային արտաքին ծառայության աշխատակիցներին թույլատրվում է շարունակել ծառայությունը՝ անկախ վարչակազմի փոփոխությունից։
Սակայն Թրամփի վարչակազմը նախկինում բազմիցս քննադատել է Պետդեպարտամենտի կարիերային համակարգը՝ այն բնութագրելով որպես «լիբերալիզմի բաստիոն» և արդեն հազարավոր աշխատակիցների հեռացրել աշխատանքից։
Դինկելմանը քննադատել է այս քաղաքականությունը՝ նշելով, որ այն կարող է լուրջ վնաս հասցնել ԱՄՆ դիվանագիտության հեղինակությանը և խաթարել վստահությունը մասնագիտական արտաքին ծառայության կարողությունների նկատմամբ։
Ի պատասխան քննադատությանը՝ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հետկանչերը «ցանկացած վարչակազմի համար ստանդարտ գործընթաց են»՝ շեշտելով, որ դեսպանները ծառայում են նախագահի հայեցողությամբ, անկախ նրանից՝ քաղաքական նշանակված են, թե կարիերային դիվանագետներ։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Թրամփի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-ն ունի շուրջ 80 թափուր դեսպանական պաշտոն, ինչը, դեմոկրատ սենատորների կարծիքով, կարող է թուլացնել երկրի դիրքերը միջազգային ասպարեզում՝ հատկապես Չինաստանի և Ռուսաստանի ֆոնին։