Եգիպտոսի ԱԳ նախարար. Գազայի հետ համաձայնագրի երկրորդ փուլը կարող է սկսվել արդեն հունվարին

Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կարող են հայտարարել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին արդեն 2026 թվականի հունվարին։ Նման հույս է հայտնելԵգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթին:

«Մենք հույս ունենք, որ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլին անցնելու մասին կհայտարարվի հունվարին։ Սա, ենթադրաբար, կներառի իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը անկլավից, զենքի բռնագրավումը (արմատականներից), խաղաղության խորհրդի ձևավորումը և խաղաղապահ զորքերի տեղակայումը Գազայում», – ասել է նախարարը, ըստ եգիպտական ​​«Ալ-Քահիրա ալ-Իխբարիա» հեռուստաալիքի։ Աբդել Աթին նաև հայտարարել է, որ միջնորդները հույս ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կստիպի Իսրայելին դադարեցնել հրադադարի խախտումը» Գազայում։

Նախօրեին SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը ասել էր, որ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում կայացած հանդիպումը լավ է անցել, և որ հույս կա Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի մոտալուտ մեկնարկի համար։

Իր հերթին, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Մայամիի հանդիպումից հետո համատեղ հայտարարություն էր տարածել ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Փաստաթղթում նշվում էր, որ կողմերը «ընդգծել են Գազայում կառավարող մարմին ստեղծելու անհրաժեշտությունը», որը կգործի «միասնական մարմնի» հովանու ներքո։ Հայտարարության համաձայն՝ Գազայի համաձայնագրի երկրորդ փուլին անցնելու նպատակով խորհրդակցությունները կշարունակվեն առաջիկա շաբաթներին։

Leave a Comment