60 հազար անապահով ընտանիք կներառվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից մշակված՝ առողջապահության համընդհանուր ապահովագրության ենթակա անապահով ընտանիքների դեպքերը և կարգը հաստատելու մասին նախագիծը։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծի ընդունմամբ սոցիալապես անապահով ճանաչված շուրջ 60000 ընտանիքների անդամներ կօգտվեն առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու և բժշկական օգնության և սպասարկման ծառայություններց օգտվելու իրավունքից:

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը 

Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ ընտանիքի անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի անդամի վրա:

Սոցիալապես անապահով ընտանիքների անդամների՝ առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ է սահմանել անապահով ընտանիքների շրջանակը և այդ ընտանիքների անդամների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման առանձնահատկությունները:

Ովքե՞ր կարող են օգտվել առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու իրավունքից

Անապահովության գնահատման նոր և գործող համակարգերի հիման վրա սոցիալապես անապահով ճանաչված համապատասխան միավոր կամ շեմ ունեցող ընտանիքների անդամները:

Ի՞նչ է առաջարկվում նախագծով

Առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը տարածել

  • սոցիալապես անապահով այն ընտանիքի ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ անդամի վրա, ով հանդիսանում է ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու (անապահովության գնահատման գործող համակարգի շահառուներ),
  • «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ անդամների վրա (անապահովության գնահատման նոր համակարգի շահառուներ),
  • սահմանել շահառուների տվյալների փոխանակման կարգ՝ հաշվի առնելով անապահովության գնահատման գործող և նոր համակարգերի առանձնահատկությունները։

Ո՞րն է կարգավորման առարկան

Նախագծով կարգավորվում են անապահով ընտանիքների անդամների՝  առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու և բժշկական օգնության և սպասարկման ծառայություններց օգտվելու իրավունքի հետ կապված հարաբերությունները:

Իրավական ակտի անհրաժեշտությունը 

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» 2025 թվականի դեկտեմբերի -ի ՀՕ- Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի պահանջից, համաձայն որի առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ ընտանիքի անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի անդամի վրա՝ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.6-րդ կետի առաջին պարբերության պահանջից։

Այն է՝ սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից։ 

Բյուջետային ազդեցություն

 Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում:






Կարդացեք նաև՝


Leave a Comment