Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից մշակված չապահովագրված անձանց համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալը և լրացուցիչ ծառայությունները, դրանցից օգտվելու կարգը և պայմանները, ինչպես նաև դրանցից օգտվելու իրավունք ունեցող բնակչության խմբերի, նրանց վիճակների և կարգավիճակների ցանկերը սահմանելու մասին նախագիծը։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Ապահովել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կիրարկումը, օրենսդրական հիմքեր ստեղծել չապահովագրված անձանց համար՝ պետության կողմից փոխատուցման եղանակով որոշակի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար։
Ինչո՞վ է պայմանավորված նախագծի ընդունումը
«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի ընդունումով, որտեղ ՀՀ կառավարությանը լիազորություն է վերապահվել սահմանելու Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ից 15-րդ կետերով նախատեսված բնակչության խմբերում չընդգրկված և առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրական փաթեթ չունեցող անձանց՝ չապահովագրված անձանց, բժշկական օգնության ծառայությունների նվազագույն ծավալը և լրացուցիչ ծառայությունները, ինչպես նաև դրանցից օգտվելու իրավունք ունեցող շահառուների խմբերի, նրանց վիճակների և կարգավիճակների ցանկը։
Հաշվի առնելով այն հանգամանքը
Որ այս փուլում բնակչության ոչ բոլոր խմբերն են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված, անհրաժեշտություն է առաջացել Կառավարության որոշումով առանձին կարգավորումներ սահմանել բնակչության որոշակի խմբի պատկանող, որոշակի վիճակ և կարգավիճակ ունեցող անձանց համար՝ վերջիններիս հնարավություն տալով օգտվելու սահմանված բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից, որոնց համար փոխհատուցումն կիրականացվի պետության կողմից։
Ի՞նչ է իր մեջ ընդգրկում բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալը
Չապահովագրված անձանց համար պետության կողմից հատուցման ենթակա՝ սույն նախագծով սահմանված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, որոնք երաշխավորում են պետության կողմից յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքի ապահովման ստանձնած պարտավորության իրականացումը։
Ինչ վերաբերում է բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններին, ապա դրանք բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից դուրս, չապահովագրված անձանց համար պետության կողմից հատուցման ենթակա, սույն նախագծով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ են, որոնք տրամադրվում են միայն համապատասխան վիճակով կամ կարգավիճակով պայմանավորված դեպքերում։
Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով, «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին․ օրենքին ու բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերին համապատասխան, ֆինանսավորում է առողջության համընդհանուր ապահովագրությունում չներառված անձանց նվազագույն ծավալների և լրացուցիչ ծառայությունների դիմաց՝ փաստացի հատուցելու միջոցով:
Ովքե՞ր են հանդիսանում շահառուները
- Վերարտադրողական տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում /42 օր/,
- անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողները,
- զինվորական հաշվառման, պարտադիր զինվորական ծառայության կամ զորահավաքային զորակոչերի, ինչպես նաև պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավման ենթակա անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն և հիվանդանոցային փորձաքննություն),
- 200.0 հազ. ՀՀ դրամից ցածր աշխատավարձ ստացող զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք,
- փրկարարական ծառայողները,
- զինծառողների և նրանց հավասարեցված անձանց,
- փրկարար ծառայողների ընտանիքների անդամներ,
- երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակառուներ,
- կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ,
- զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդության կամ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) զինծառայողի, փրկարարարական ծառայողների ընտանիքի անդամները,
- ձերբակալվածներ (միայն անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերի մասով),
- կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածները,
- բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և ժամանակավոր օթևանների շահառուները։
Ինչ վերաբերում է՝
չապահովագրված անձանց բժշկական օգնության ծառայությունների նվազագույն ծավալին, ապա վերջինս իր մեջ ներառում է ինչպես արտահիվանդանոցային, այպես էլ հիվանդանոցային մի շարք ծառայություններ։
ինչպիսիք են՝
- վերակենդանացման բժշկական օգնության ծառայությունները,
- ծննդօգնությունը և հղիության ախտաբանությունը,
- սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական բուժման ծառայությունները,
- չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ծառայությունները,
- առողջության առաջնային պահպանման ծառայությունները,
- շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները,
- արտահիվանդանոցային լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները՝ հաստատված չարորակ նորագոյացություններով և տուբերկուլյոզ ախտորոշում ունեցող պացիենտների համար։
Նախագծով առանձին սահմանվել են նաև նվազագույն ծավալից դուրս, լրացուցիչ ծառայություններ, որոնց տրամադրումը որոշակի խմբի շահառուներին նույնպես փոխհատուցվում է պետության կողմից, մասնավորապես՝ վիրահատական, վերականգնողական, ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները։
Ի՞նչ եղանակով կարող են օգտվել լրացուցիչ ծառայություններից
Նախագծով կարգավորվում են նաև բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալից և լրացուցիչ ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները։ Ընդ որում, շահառուները բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից, ինչպես նաև լրացուցիչ ծառայություններից օգտվում են ուղեգրման եղանակով, որն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրի միջոցով:Նախագծի համաձայն՝ շահառուների տվյալների հավաքագրումը և վարումն իրականացվում է ռեգիստրի միջոցով՝ փոխգործելության սկզբունքի հիման վրա։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծն անմիջականորեն կապված է՝
- ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի <ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին> թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Առողջապահության նախարարություն» բաժնի 1-ի կետի 1․3-րդ ենթակետով նախատեսված միջոցառման իրականացման հետ, որով սահմանված է առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի ընդունումը։
- ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի <Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 174-Լ որոշման Հավելված 2-ի 2․3-րդ բաժնի 3-րդ կետի՝ «Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամի և դրա կառավարման խորհրդի ստեղծում, վերջինիս գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի փաթեթի մշակում, առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի ընդունում» միջոցառման իրականացման հետ։
Բյուջետային ազդեցություն
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: