«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտարարել է, որ իր ներկայությունն ակումբում ուղղակիորեն կապված է նախագահ Ժոան Լապորտայի հետ։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ կատալոնական ակումբը գերմանացի մասնագետին առաջարկել է երկարաձգել գործող պայմանագիրը (որն ուժի մեջ է մինչև 2027 թվականը) ևս մեկ տարով՝ մինչև 2028-ը։
«Մարզչի համար մեկուկես տարին բավականին երկար ժամանակ է։ Ես երջանիկ եմ այս ակումբում լինելու համար. ինձ դուր է գալիս աշխատել Դեկուի, անձնակազմի և թիմի հետ։ Մեր ամբողջ անձնակազմն ուղղակի ֆանտաստիկ է, իսկ Դեկուի կատարած աշխատանքը՝ անհավանական։
Ինչ վերաբերում է նախագահին՝ Ժոան Լապորտային, հենց նա է պատճառը, որ ես այստեղ եմ։
Տեսնենք, թե ինչ կլինի ընտրություններից հետո։ Հիանալի է ևս մեկուկես տարի այստեղ մնալը, բայց այդ հարցում վճռորոշ էր նախագահի որոշումը։
Ես ցանկանում եմ շարունակել աշխատանքս, սակայն մենք պետք է պատասխանատվություն կրենք մեր խաղի և տիտղոսների համար։ Հույս ունեմ հաջողություն երաշխավորել թիմի համար»,- Ֆլիկի խոսքն է մեջբերում Marca-ն։
60-ամյա Ֆլիկը «Բարսելոնան» գլխավորել է 2024 թվականի մայիսին։ Նրա գլխավորությամբ առաջին իսկ մրցաշրջանում թիմը նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, Գավաթը և Սուպերգավաթը։