Blue Origin ընկերությունն առաջին անգամ տիեզերք է ուղարկել հաշմանդամություն ունեցող մարդու։
Շաբաթ օրը Գերմանիայից աէրոտիեզերական ինժեներ Միխաելա Բենթհաուսը հինգ այլ ուղևորների հետ մասնակցել է Blue Origin-ի իրականացրած մոտ 10-րոպե տևած ենթօրբիտալ թռիչքին՝ Երկրից բարձրանալով շուրջ 65 մղոն։
Վայրէջքից հետո Բենթհաուսը թռիչքը բնութագրել է որպես «ամենասուր զգացողությամբ փորձառություն»՝ նշելով, որ իրեն տպավորել են ոչ միայն բացվող տեսարաններն ու միկրոգրավիտացիան, այլև թռիչքի ամբողջ ընթացքը։ Նրա խոսքով՝ թռիչքի յուրաքանչյուր փուլը բացառիկ զգացողություն է եղել։
Միխաելա Բենթհաուսն աշխատում է որպես աէրոտիեզերական և մեխատրոնիկ համակարգերի ինժեներ Եվրոպական տիեզերական գործակալությունում։ Յոթ տարի առաջ նա լեռնային հեծանվավազքի ժամանակ ստացել է ողնաշարի ծանր վնասվածք, ինչի հետևանքով տեղաշարժվում է անվասայլակով։
Բենթհաուսը նաև ընդգծել է, որ վնասվածքից հետո ավելի հստակ է գիտակցել, թե որքան անհասանելի է ժամանակակից աշխարհը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։
Թռիչքից առաջ նա Associated Press-ին ասել է, որ երբեք չէր պատկերացնում տիեզերք մեկնելը որպես իրական հնարավորություն, հատկապես հաշվի առնելով մրցակցության բարձր մակարդակը նույնիսկ լիովին առողջ մարդկանց համար։
Այս թռիչքը Blue Origin-ի համար դիտարկվում է որպես կարևոր քայլ` տիեզերական զբոսաշրջության ներառականության ուղղությամբ։