Կառավարության 2006 թվականի որոշմամբ Աբովյան համայնքին հատկացված 110 հեկտար հողամասից 65-ն ապօրինի օտարել է Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանը, 21-ը՝ նրա իրավահաջորդ Վահագն Գևորգյանը: Թեմային անդրադարձ է կատարել Լուրերը։
Վահագն Գևորգյանը մեղադրվում է քաղաքի զբոսայգու տարածքներն ու պուրակները ապօրինի օտարելու մեջ:
2015 թվականից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 17-ը Աբովյանի քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած համայնքապետը Աբովյան համայնքին պատկանող ընդհանուր 21 տարբեր հողակտոր, մի շարք դեպքերում ուղղակի վաճառքով, իսկ երկու դեպքերում կեղծ աճուրդների միջոցով օտարել է։
Օտարված տարածքները համայնքապատկան, այդ թվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասեր են, դրանք օտարվել են Աբովյան համայնքի տարբեր բնակիչների։
Ապօրինի օտարումների հետևանքով համայնքին պատճառվել է ընդհանուր 59 միլիոն դրամի գույքային վնաս, որից նախաքննության ընթացքում մեղադրյալ Վահագն Գևորգյանի կողմից 49 միլիոն դրամը վերականգնվել է։ Համայնքը վեց տարի ղեկավարած Գևորգյանը մեղադրվում է 21 դրվագով պաշտոնեական լիազորությունների չարաշահման, երկու դրվագով հրապարակային սակարկությունների անցկացման կարգը խախտելու և վեց դրվագով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Դատախազությունն այս 21 հողատարածքները համայնքին վերադարձնելու գործընթաց է սկսել, հայցերն արդեն իսկ դատարանի վարույթում են։