20 դեկտեմբերի 2025 – 12:47 AMT
PanARMENIAN.Net – Ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը, ով գլխավորել է Երևանի «Ալաշկերտն» ու «Ուրարտուն», պարզաբանել է, թե ինչու է նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն խաղացողի մրցույթում իր ձայնը տվել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։
Ըստ նրա՝ հիմա Սպերցյանը կարիերայի լավագույն մարզավիճակում է, հայտնում է Factor.am-ը։
«Սպերցյանը լավագույնն է ոչ միայն նրա համար, որ հայ է ու Պյատիգորսկից է։ Հիմա նա ավելի ֆունդոմենտալ տեսք ունի, քան այդ մրցանակի մյուս հավակնորդները։ Ռիսկի կդիմեմ ու կենթադրեմ, որ հիմա նա կարիերայի լավագույն մարզավիճակում է։ Նաև հենց դրանից են գալիս «Կրասնոդարի» հաջողությունները»,- ասել է նա։
ՌՊԼ ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը որոշվում է երկրպագուների, ֆուտբոլային փորձագետների և «Матч Премьер» հեռուստաալիքի մեկնաբանների քվեարկության միջոցով։
Հայաստանի հավաքականի ավագը ներկայիս մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում, որոնց ընթացքում խփել է 8 գոլ և կատարել է 12 գոլային փոխանցում։ 25-ամյա կիսապաշտպանը առաջնությունում «Գոլ+ասիստ» ցուցանիշով զբաղեցրել է առաջին հորիզոնականը։