ԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման աշխատանքը


Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանն անցկացրել են ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման աշխատանքային խմբի առաջին նիստը:


Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ադրբեջանական կողմից աշխատանքային խումբը գլխավորել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը, ամերիկյան կողմից՝ պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քոուլթերը:


Քննարկվել են օգոստոսի 8-ին վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի շրջանակում ստորագրված հուշագրով սահմանված առաջնահերթ ոլորտներում երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Անդրադարձ է եղել էներգետիկայի, առևտրի և տարանցման, տարածաշրջանային փոխկապակցվածությանը, տնտեսական ներդրումներին, այդ թվում՝ արհեստական բանականությանը և թվային ենթակառուցվածքին, ինչպես նաև պաշտպանության, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում համագործակցությանը:


Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից անդրադարձել են աշխատանքային խմբի նիստին:


«ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել սերտ փոխգործակցությունը Ադրբեջանի հետ՝ որպես իր արժեքավոր ռազմավարական գործընկերոջ, նախագահ Թրամփի՝ խաղաղությանն ու բարգավաճմանն ուղղված տեսլականն առաջ մղելու և Հարավային Կովկասի զգալի տնտեսական ներուժը բացահայտելու համար»,- հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից։

Դիտումների քանակ1

Leave a Comment