20 դեկտեմբերի 2025 – 11:20 AMT
PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 13-ից սկսած պարեկային ծառայությունն իրականացնում է ուժեղացված հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում՝ ինչպես իրավախախտումների կանխարգելման, այնպես էլ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով, հայտնում է ՆԳՆ-ն։
«Դեկտեմբերի 31-ից մինչև 2026 թվականի հունվարի 5-ը Պարեկային ծառայությունն իր ողջ ներուժը կենտրոնացնելու է ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների կողմից տրանսպորտային միջոցների շահագործումը բացառելու, իրավախախտներին հայտնաբերելու ուղղությամբ։ Պարեկների կողմից որևէ զիջում կամ ներում չի լինելու»,- ասել է ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը։
Անդրադառնալով առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոցների շահագործման խնդրին՝ նա նշել է, որ օրենսդրական փոփոխություններով սահմանվել են խստացումներ։
Խուդինյանը հիշեցրել է, որ ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող անձը առաջին խախտման դեպքում ենթարկվում է վարչական տույժի, իսկ կրկնակի խախտման դեպքում՝ քրեական պատասխանատվության։ Պարեկային ծառայության պետը քաղաքացիներին հորդորել է խստագույնս պահպանել անվտանգության կանոնները՝ հատկապես տոնական օրերին լինել առավել զգոն և դրսևորել իրավագիտակից վարք։