19 դեկտեմբերի 2025 – 18:36 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այն, ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 18–ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ազգային խայտառակություն էր և անբարոյականություն, որ «բացահայտ հրահրվել և կառավարվում էր Հայաստանի իշխանությունը զավթած ուժերի կողմից` ներքին և արտաքին»։
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ առջևում նոր զարգացումներ, նոր ասպատակություններ են լինելու եկեղեցու դեմ։
«Մեր պետության, ժողովրդի դեմ ծանրագույն հանցանքներ գործած, մեղքերի մեջ թաթախված իշխանությունը հերթական դավադրությունն իրականացրեց Հայ Առաքելական Եկեղեցու դեմ` փորձելով տապալել մեր պետականության, ազգային ինքնության կարևորագույն հիմնասյուներից ևս մեկը։
Սակայն ամենազազրելին, որին ականատես եղանք նաև երեկ, մի շարք բարձրաստիճան, տիրադավ հոգևորականների, եպիսկոպոսների դավաճանությունն էր` սեփական ուխտի, հավատավոր եղբայրների նկատմամբ։ Ինչին ի պատասխան, հնչեց Վեհափառի արժանապատիվ խոսքը, որ անկեղծ կոչ էր ազգային համախմբվածության, միմյանց նկատմամբ հանդուրժողականության` իր հանդեպ հնչող ատելության, թշնամանքի խոսքերի փոխարեն։
Իսկ հոգևոր սպասավորները իրենց հավասարակշռված կեցվածքով, ժողովրդի նվիրյալ զավակների հետ միաբան, երեկ ըստ արժանվույն դիմավորեցին ու ճանապարհեցին ու դեռ ճանապարհելու են նրանց։
Ինչի համար խորապես շնորհակալ ենք։
Սիրելի’ հայրենակիցներ, ակնհայտ է, որ առջևում նոր զարգացումներ, նոր ասպատակություններ են լինելու Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, քանի որ իշխող խմբակը փորձելու է ամեն գնով կատարել աշխարհաքաղաքական դավադրության մաս կազմող նաև այս առաջադրանքը։
Այդ պատճառով կոչ եմ անում բոլորին լինել միասնական, ինչպես երեկ, չտրվել սադրանքների և համախմբվել, ամուր կանգնել ու պաշտպանել մեր հավատքն ու Եկեղեցին։ Պատմությունը ցույց է տվել` մենք հասել ենք հաջողության, երբ եղել ենք միասնական»,–ասվում է գրառման մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին հանգստի կոչելու պահանջով հավաքվելու կոչ արած 10 եպիսկոպոսները դեկտեմբերի 18–ին Էջմիածնում հանդես են եկել հայտարարությամբ և արագ հեռացել։ Միևնույն ժամանակ Մայր Տաճարի ներսում ընթանում էր ժամերգությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ։
«Սուրբ Էջմիածնի առջև ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր ու աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երեկեղեցու պայծառության և մեր երկրի շինությանը»,–ասել է Գարեգին Բ–ն։