Կամպուչիայի մոտ 500 հազար բնակիչներ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից Թաիլանդի հետ սահմանին հակամարտության սրման պատճառով, նրանց մեծ մասը կանայք եւ երեխաներ են։ Այս մասին տեղեկացրել է Կամպուչիայի մամուլի գործակալությունը՝ հղում կատարելով թագավորության ՆԳՆ տվյալներին։
Նրա տեղեկացմամբ՝ 14 նահանգների մոտավորապես 498,2 հազար բնակիչներ լքել են իրենց տները։ Նրանցից գրեթե 418,8 հազարը կանայք եւ երեխաներ են։ Վերջին տվյալների համաձայն՝ Կամպուչիայում հրետակոծության հետեւանքով զոհվել է 18 խաղաղ բնակիչ, վիրավորվել 78-ը։ Դեկտեմբերյան սրացման սկզբից ի վեր վնասվել են 73 բնակելի շենք, մի քանի կրոնական վայրեր, ինչպես նաեւ քաղաքային եւ ճանապարհային ենթակառուցվածքներ։
Թաիլանդ-Կամպուչիա սահմանին դեկտեմբերի 7-ին սկսվել են բախումներ՝ հրազենի կիրառմամբ։ Կամպուչիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ սահմանային շրջաններում թաիլանդական զինված ուժերի մի քանի օր տեւած սադրիչ գործողություններից հետո, որոնք նպատակ ունեին նոր բախում հրահրել, նրանք սկսել են հարձակվել կամպուչիական դիրքերի վրա։ Թաիլանդական բանակը հայտարարել է, որ կամպուչիական ուժերը հրետանային կրակ են բացել սահմանային գոտու թաիլանդական դիրքերի վրա, թաիլանդական զորքերը պատասխանել են՝ հարձակվելով կամպուչիական ռազմական ենթակառուցվածքների վրա՝ փորձելով վերահսկողություն հաստատել հիմնական տարածքների վրա եւ վնաս հասցնել թշնամուն։