Երևի պետք է երջանկությունից ցնծալ, որ շնչելու և արտաշնչելու հարցերին չի հասել․ «Փաստ»

Ընդհանուր հարահոսի մեջ մի տեսակ անուշադրության մատնվեց կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի արած «էքսցենտրիկ» հայտարարություններից մեկը:

Ինչ-որ խանութում կառավարության աշխատակազմի ինչ-որ ներկայացուցչի ասել են, թե կանխիկով ապրանքի գինն այլ է, անկանխիկ՝ այլ:

Փաշինյանը, դրա մասին պատմելով, ուղղակիորեն փրփրեց. «…Փակե՛ք այդ խանութը, այդ խանութում առևտուր պետք է չլինի՛, իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ, մինչև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պիտի չբացվի։ Կզեկուցեք անձամբ»:

Մեկ րոպե, էլի, ստո՛պ:

Փաշինյանի պաշտոնը պետական համակարգում վարչապետ չէ՞: Իսկ վարչապետն, ի՞նչ է, այլևս խանութ բացող-փակո՞ղ է, այո՞:

Ենթադրենք նույնիսկ, որ Փաշինյանի պատմածը այդպես էլ եղել է: Ենթադրենք: Անգամ ենթադրենք, որ խանութում խախտում է կատարվել: Այդ խանութը փակելը կամ խախտում կատարած վաճառողին, խանութի տիրոջը պատասխանատվության ենթարկելը վարչապետի գործն ու գործառո՞ւյթն է: Ո՛չ, իհարկե:

Երկրում ի՞նչ է, արդեն հարկային կառույցներ, տեսչական, վերահսկողական այլ մարմիններ չկա՞ն, չեն գործո՞ւմ: Կարող էր, չէ, նույն Փաշինյանը իր կաբինետի ՊԵԿ նախագահին կամ այլ ստորաբաժանման պատասխանատուին հանձնարարել, թե այսպես ու այսպես. «Էն օրը էսինչ խանութում էսպիսի դեպք է արձանագրվել, գնացեք, ստուգեք, պարզեք, համապատասխան միջոցներ ձեռնարկեք ու զեկուցեք արդյունքների մասին»:

Բայց ոչ: Փաշինյանը միանգամից որոշում է, թե՝ «գնացե՛ք, փակեք էդ խանութը, իմ անձնական պատասխանատվությամբ»:

Ինչպես ասում են՝ իյա՜, իրո՞ք:

Առանց ստուգելու, առանց փաստերը արձանագրելու, հրապարակայնացնելու, առանց հանգամանքները պարզելու: Հենց էդպես, կամայականորեն… «Գնացեք ու փակե՛ք: Փակվելու է այդ խանութը, մինչև անձնական թույլտվություն չտամ, առևտուր չի լինելու»:

Երևի պետք է երջանկությունից ցնծալ, որ շնչելու և արտաշնչելու հարցերին չի հասել ու չի հրամայում. «Չշնչե՛ք, մինչև անձնական թույլտվություն չտամ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment