Վաղը՝ դեկտեմբերի 21-ին, Երևանի ժամանակով 19:03-ին, Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով, ազդարարելով աստղագիտական ձմռան սկզբի մասին, որը կձգվի մինչ գարնանային գիշերհավասար․ Facebook-ի իր էջում գրել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Այդ օրը կոչվում է ձմեռային արևադարձի օր և վաղը հյուսիսային կիսագնդում կդիտվի ամենաերկար գիշերն ու ամենակարճ ցերեկը:
Երևանում արևածագը կդիտվի 08:20, արևամուտը 17:39, ցերեկվա տևողությունը կկազմի ընդամենը 9 ժամ 19 րոպե:
Դրանից հետո Արեգակն ամեն օր ավելի ու ավելի բարձր հետագծով կհատի երկինքը, որի շնորհիվ ցերեկվա տևողությունն աստիճանաբար կսկսի երկարել՝ մինչև տարեվերջ Երևանում ավելանալով 3 րոպեով»,- նշել է նա: