ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ ուկրաինական ճգնաժամը կարող է լուծվել մինչև տարեվերջ։ Նա այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Ըստ Ռուբիոյի՝ ԱՄՆ-ն «չի կարող ստիպել Ուկրաինային գործարք կնքել, և մենք չենք կարող ստիպել Ռուսաստանին գործարք կնքել»։ «Մեր դերն է հասկանալ, թե արդյոք կան ընդհանուր հիմքեր, որոնց վրա նրանք կարող են համաձայնության գալ, և դա այն է, ինչի վրա մենք շատ ժամանակ և ջանք ենք ծախսել, և շարունակում ենք դա անել։ Գուցե դա անհնար է, բայց ես հույս ունեմ, որ այդպես չէ։ Ես հույս ունեմ, որ (կարգավորմանը) կարելի է հասնել այս ամիս, մինչև տարեվերջ։ Ես ուզում եմ, որ սա հնարավորինս շուտ ավարտվի», – ասել է պետքարտուղարը։
Ռուբիոն նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալներ փոխանակել։
Մեկնաբանելով ուկրաինական ճգնաժամի լուծման հեռանկարները՝ Ռուբիոն նշել է, որ «ոչ ոք չի ասել, որ Ուկրաինան (ԱՄՆ-ի համար) նշանակություն չունի ազգային շահերի տեսանկյունից», հավելելով, որ Վաշինգտոնը «նրանց միլիարդավոր դոլարների զենք է վաճառել»։
«Մենք շարունակում ենք նրանց հետախուզական աջակցություն տրամադրել։ Նախագահը (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը) պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, նա պատժամիջոցներ է կիրառել նավթարդյունաբերության նկատմամբ», – հայտարարել է Ռուբիոն։