Ո՞վ է Վեհափառի հրաժարականին միացած կարգալույծ քահանան

Մայր Աթոռում Վեհափառի դեմ ակցիայն մասնակցում էր նաև 2025 թվականի մարտին կարգալույծ արված Սարգիս Մելքոնյանը, որին «Հանրայինը» ներկայացրել է որպես Վառնայի հոգևոր հովիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյան։

Իրականում նա կարգալույծ էր արվել մարտի 18-ին՝ արատավոր կյանք վարելու պատճառով։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը պարզաբանում էր տարածել՝ կապված նախկին Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանի կարգալուծության վերաբերյալ:

Պարզաբանման մեջ նշվում էր, որ Արմեն քահանա Մելքոնյանը քահանայական օծումը ստացել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հոգևոր իշխանության տարածքում՝ Բերիո թեմի (Սիրիա) առաջնորդ Տ. Սուրեն արք. Գաթարոյանի ձեռամբ՝ ծառայելու Սիրիայի հայկական համայնքներում։ Այնուհետև թողել է ծառայության վայրը և փոխադրվել Եվրոպա։ Ընդառաջ թեմակալի խնդրանքին՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտոնությամբ իր ծառայությունը շարունակել է Գերմանիայի հայոց թեմում։

Գերմանիայի հայոց թեմից հետո նա ծառայության է տեղափոխվել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակություն՝ Բելգիայի և Հոլանդիայի հայոց համայնքներ։ Ծառայության ընթացքում Արմեն քահանայի գործունեությունը պարբերաբար ընդգրկվել է Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում՝ մասնավորաբար առանց հոգևոր իշխանության արտոնության իր ծառայության վայրից դուրս գործունեություն իրականացնելու և եկեղեցական իշխանության նկատմամբ զրպարտչական, անարգալից բնույթի լուրեր տարածելու ու հավատացյալների շրջանում խառնակչություն և գայթակղություն ստեղծելու համար։

Նախկին Արմեն քահանան 2018 թվականին մասնակցություն է ունեցել նաև, այսպես կոչված, «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» հակաեկեղեցական խմբի գործողություններին։

Հակառակ, որ եկեղեցական իշխանությունը նախկին Արմեն քահանային հնարավորություն է տվել հիշյալ կարգազանցություններն ու հակաեկեղեցական դրսևորումները շտկելու, սակայն վերջինս շարունակել է իր հակականոնական ընթացքը։

Այսպես՝ Արմեն քահանան, շրջանցելով առաջնորդական տեղապահին, 2024 թվականին կապի մեջ է մտել Հայ Եկեղեցու կանոնական սկզբունքներին հակառակ գործող Բուլղարիայի հայոց թեմի որոշ անդամների հետ և նույն թվականի նոյեմբերի 5-ից ինքնակոչ քահանայական ծառայություն է իրականացնում Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում։ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Արմեն քահանային գրավոր նամակով հորդորել է դադարեցնել իր հակականոնական ընթացքը և վերադառնալ իր նախկին ծառայության վայր: Սակայն վերջինս մերժել է Սրբազան Հոր կոչը և առ այսօր շարունակել է հակականոնական ընթացքը Բուլղարիայի հայոց թեմում:

Այսպիսով, սպառված համարելով նախկին Արմեն քահանային կանոնական դաշտ վերադարձնելու հնարավոր բոլոր միջոցները և հիմք ընդունելով Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի միջնորդագրերը, ինչպես նաև Արմեն քահանայի կարգազանց ընթացքի ու հակականոնական գործողությունների վերաբերյալ Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը՝ Արմեն քահանա Մելքոնյանը հռչակվել է կարգալույծ հետևյալ կանոնական շեղումների համար՝ եկեղեցականի հնազանդության ուխտի դրժում, ծառայության վայրի ինքնակամ լքում, առանց թեմակալ առաջնորդների արտոնության՝ եկեղեցա-վարչական այլ տարածքում հովվական ծառայության իրականացում, հոգևոր վերադաս իշխանության նկատմամբ անհնազանդության դրսևորում, հրապարակային ելույթներում եկեղեցական բարձրագույն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ անարգալից վերաբերմունքի դրսևորում և զրպարտչական հայտարարություններ:

Նա 2016 թվականին իր աջակցությունն է հայտնել «Սասնա ծռեր» խմբավորմանը։

Կարգալույծ արվելուց հետո սույն հոգևորականը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված հանձնաժողովի համակարգող խորհրդի անդամ։ Հանձնաժողովը ստեծվել է Վեհափառին հեռացնելու նպատակով։ Վեհափառի դեմ ակցիային մասնակցել է նաև կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը։

 

Leave a Comment