Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել լայնածավալ համաներում անցկացնելու մասին օրինագծին, գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
Ենթադրվում է, որ համաներումը կվերաբերի ավելի քան 20 հազար մարդու և կդառնա ամենախոշորը հանրապետության ողջ պատմության ընթացքում: Օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատել տարբեր ժամանակահատվածներում, ներառյալ՝ 2020 թվականի արցախյան պատերազմին և 2023 թվականի Արցախի հայաթափման իրադարձություններին Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցած անձանց, ինչպես նաև զոհվածների կամ անհայտ կորածների մերձավոր ազգականներին:
Համաներման տակ կարող են ընկնել նաև մարտական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած անձինք, կանայք, 60 տարեկանից բարձր քաղաքացիները և այն անձինք, ովքեր հանցագործության պահին անչափահաս են եղել: Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է ազատազրկման վայրերից ազատում կամ պատժի ժամկետի կրճատում ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների, ինչպես նաև անզգուշությամբ կատարված արարքների համար դատապարտյալներին:
