Մարուքյան․ Վառելիք գնելով Բաքվից՝ ՀՀ–ն ուղղակիորեն ֆինանսավորում է Ադրբեջանի զինված ուժերին

Մարուքյան․ Վառելիք գնելով Բաքվից՝ ՀՀ–ն ուղղակիորեն ֆինանսավորում է Ադրբեջանի զինված ուժերին

19 դեկտեմբերի 2025 – 17:34 AMT

PanARMENIAN.Net – «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով Ադրբեջանից վառելանյութի ներմուծմանը և դրա հնարավոր հետևանքներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «վառելիք գնելով Բաքվից՝ ՀՀ–ն ուղղակիորեն ֆինանսավորում է Ադրբեջանի զինված ուժերին»։

«Գաղտնիք չէ, որ ադրբեջանական զինված ուժերն այս պահին օկուպացված են պահում Հայաստանի Հանրապետության տարածքները։

Գաղտնիք չէ նաև, որ Ադրբեջանի զինված ուժերը ֆինանսավորվում են Ադրբեջանի պետական բյուջեից։ Իսկ Հայաստանը սկսել է վառելանյութ գնել Ադրբեջանից, ինչով ուղղակիորեն ֆինանսավորում է Ադրբեջանի զինված ուժերին, որոնք օկուպացված են պահում Հայաստանի ինքնիշխան տարածքները։

Սակայն, ըստ Ռուբինյանի, «Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության ռեժիմից տեղափոխվում են տնտեսական համագործակցության ռեժիմ»։

Ռուբեն, իրականում դու և քո թիմակիցները հովանավորում եք ռազմական հանցագործ թշնամու բանակը։

Այն թշնամու, որը պատանդառել ու ցուցադրաբար կեղծ դատավարություններ է իրականացնում հայ մարդկանց նկատմամբ՝ նրանց ազգային և կրոնական պատկանելիության համար, ինչպես նաև օկուպացված է պահում ՀՀ տարածքները։

Վստահաբար պնդում եմ, որ ՀՀ կառավարությունը և ՔՊ կառավարող թիմը ՀՀ քաղաքացու անունից և հաշվին սկսել են ֆինանսավորել Հայաստանն օկուպացված պահող թշնամու՝ Ադրբեջանի բանակը»,–ասվում է գրառման մեջ։

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի քննադատությանը։

«Էդմոն Մարուքյանը մինչև հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը թողնելը, երբ վարչապետը ամիսներով չէր ընդունում նրան, առաջարկել է դուրս գալ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, եթե խնդիրը դա է: Ասել ենք ինչ ուզում ես, արա», – գրել է Ռուբինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է այն փաստը, որ Ադրբեջանից դեպի Հայաստան նավթամթերքով բեռնված գնացք է ուղևորվել։

Ադրբեջնական լրատվամիջոցները հայտնել էին, որ դեկտեմբերի 18-ին նավթամթերքի առաջին խմբաքանակը կուղարկվի Ադրբեջանից Հայաստան։ Նշվում է, որ համաձայն նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մգեր Գրիգորյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության՝ ՀՀ կուղարկվի SOCAR պետական նավթային ընկերության կողմից արտադրված АИ-95 տեսակի բենզինով լցված 22 վագոն։ Գնացքն արդեն ՀՀ–ում է։

Leave a Comment