Հարությունյան․ Դատարանում եմ առաջին անգամ լսել ներկայացված «ռազմական հանցագործությունների» մասին

Հարությունյան․ Դատարանում եմ առաջին անգամ լսել ներկայացված «ռազմական հանցագործությունների» մասին

19 դեկտեմբերի 2025 – 17:24 AMT

PanARMENIAN.Net – Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամների դեմ շինծու գործերով դատական ֆարսը՝ դեկտեմբերի 19–ի նիստում վերջին խոսքի իրավունք է տրվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։

Նա ասել է, որ իրազեկ մարդ լինելով, հենց դատական գործընթացի ժամանակ է լսել ներկայացված որոշ միջադեպերի մասին, որոնք որակվել են որպես հանցագործություններ, հայտնում է Minval.az-ը։

«Այստեղ ներկայացվել են պատերազմական հանցագործություններ։ Անկեղծ ասած, դրանց մեծ մասին ծանոթացել եմ հենց այստեղ»,–ասել է նա։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։

Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվա ազատազրկում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գերիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։

Leave a Comment