Հայ ժողովուրդը անսասան է Սուրբ Էջմիածնի և Հայրապետի կողքին. Հայր Ասողիկ • Tribune.am

Մայր Տաճարի բակում լրագրողների հետ զրույցում Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ ընդգծելով, որ այն համայն հայության հոգևոր կենտրոնն է, ուր մարդիկ գալիս են աղոթքի և համազգային ուխտը նորոգելու համար։ Նրա խոսքով՝ հավատով և նվիրումով եկողները հեռանում են աստվածային օրհնությամբ, իսկ կանոնազանցությամբ ու երկպառակտությամբ հանդես եկողները՝ գլխիկոր։ Հայր Ասողիկը շեշտել է, որ հավատավոր ժողովրդի երեկվա կեցվածքը հստակ արտահայտեց Եկեղեցու ինքնիշխանության և միասնականության պաշտպանությունը։

«Բնականաբար այլ կերպ լինել չի կարող, որովհետև աշխարհասփյուռ հայությունն ունի ինքնագիտակցություն, աշխարհասփյուռ հայությունն ինչպես դարեր շարունակ, այսօր էլ և  հավիտյանս հաստատ և կապված է մնալու Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին»,- ասաց Հայր Ասողիկը՝ նշելով, որ այսօր իրենց առջև անձային խնդիրներ չեն, խնդիրը եկեղեցու ինքնիշխանության, կարգավորության պահպանության հարցն է։

«Եկեղեցին դարեր շարունակ փորձությունների միջով է անցել, անցնում է  այսօր, կանցնի վաղը, բայց միշտ հստակ է՝ եկեղեցին այդ փորձություններից չի սասանվում, ավելի հզորացած է դուրս գալիս»,- նշեց Հայր Ասողիկն՝ ընդգծելով, որ Եկեղեցին միշտ գործել է հանուն պետության, հանուն հայրենիքի պաշտպանության, անվտանգության, որևէ ժամանակաշրջանում որևէ մեկը չի կարող մատնանշել, որ այնպիսի մի գործողություն, որ ազգային եկեղեցին թույլ է  տվել իր պետության, պետականության հանդեպ, ընդհակառակը, պետականության բացակայության ժամանակ Եկեղեցին պետության ֆունկցիան իրականացրել է փառահեղ կերպով, ինչի արդյունքում այսօր ունենք Հայոց պետականությունը, դա Հայոց Հայրապետների հեռատեսության, դիվանագիտության շնորհն է։  

Հայր Ասողիկը նշեց, որ Հայոց Հայրապետը հանձնառու է ցկյանս իրականացնել իրեն շնորհված աստվածային առաքելությունը, Վեհափառն անսասան է և եռանդով լի։ Ինչ վերաբերում է Ամենյան Հայոց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների` Մայր Տաճարի բակում երեկվա հավաքին, Հայր Ասողիկը հիշեցրեց Վեհափառ Հայրապետի երեկվա խոսքը։ 
«Հայրապետը խոսք ուղղեց այդ կանոնազանցներին՝ իրեն հատուկ վեհությամբ նրանց հասցեին արտաբերելով «Սրբազան Հայրեր» դիմելաձևը: Եթե նրանք ունեին որևէ խնդիր, որևէ բողոք, որևէ անհանգստություն, ապա շատ լավ գիտենալով եկեղեցու ժողովական կառույցներն ու հնարավորությունները, այդ հարթակներում կարող էին ներկայացնել: Եթե իրենք խնդիրներ ունեին, ապա կարող էին ներկայացնել անցնող 26 տարիների ընթացքում: Ես չեմ ուզում մեկնաբանել որևէ մեկի գործողությունն ու անձը, ընդամենը կարձանագրեմ մեր հավատավոր ժողովրդի վերաբերմունքը և կեցվածքը, այդ ամենն ասաց՝ ով ով է, և ով ինչի համար էր եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին», — ասել է աբեղա Կարապետյանը։

Leave a Comment