ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 2025 թվականի դեկտեմբերի 16-ի նիստում որոշեց 0.25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6.50%։
Միաժամանակ, ԿԲ-ն սահմանել է լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.00%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%։
Ըստ 2025 թվականի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաղորդագրության՝ 2025 թվականի չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը դանդաղել է՝ նոյեմբերին կազմելով 3.1%։ Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է՝ կազմելով 3.8%։
2025 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվում է, ինչին զգալիորեն նպաստում են շինարարության և ծառայությունների ճյուղերը։ Սակայն ներքին պահանջարկի ընթացիկ պայմանների, ինչպես նաև դրա հետագա միտումների հետ կապված զգալի անորոշությունները պահպանվում են։
Հաշվի առնելով մի կողմից՝ թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման, իսկ մյուս կողմից՝ բարձր գնաճային միջավայրի պահպանման ռիսկերը, ԿԲ խորհուրդը որոշեց շուկայի սպասումներին համահունչ իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը։ Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ֆինանսական շուկայի մասնակիցներն ակնկալում են, որ ՀՀ Կենտրոնական բանկը միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6.25%։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար։