Գլխավոր դատախազությունը դատարան է ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարության Եվրոպական Միության հետ աշխատանքների համակարգման վարչության նախկին ղեկավար Հ. Գ.-ի գործը, հայտնում է գերատեսչությունը։
Ըստ հաղորդագրության՝ Հ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով ԵՄ Հայաստանյան գրասենյակի աշխատակից Մ.Պ.-ի, ԵԱՀԿ գրասենյակների աշխատակիցների և այլ անձանց հետ, ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված մրցույթներում տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով կեղծ դրամաշնորհային ծրագրեր ներկայացնելով և դրանց արդյունքում հաղթող ճանաչվելով, 2009-2014թթ․ ԵՄ-ից 16 դրվագով խարդախությամբ հափշտակել է շուրջ 972 միլիոն դրամ:
Հ.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (16 դրվագ) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (14 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է միջազգային հետախուզում:
Նշվում է, որ դեկտեմբերի 9-ին դատախազը հաստատել է Հ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան, ներկայացվել է միջնորդություն՝ քրեական վարույթին մասնակցելուց խուսափող մեղադրյալ Հ.Գ.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու վերաբերյալ:
