Ուկրաինան և Ռուսաստանը զոհերի մարմինների նոր փոխանակում են իրականացրել

Ուկրաինան և Ռուսաստանը  զոհերի մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմագերիների հետ վարվելակերպի համակարգող շտաբը և ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, գրում է Current time-ը։

Շտաբը հայտնել է, որ Ուկրաինային է վերադարձվել 1003 մարմին, որոնք, ըստ ռուսական կողմի, պատկանում են ուկրաինացի զինծառայողներին։ Մեդինսկին գրել է, որ Ուկրաինային է հանձնվել 1000 մարմին, Ռուսաստանին է փոխանցվել՝ 26-ը։

Մեդինսկիի խոսքով՝ փոխանակումը տեղի է ունեցել Ստամբուլի համաձայնագրերի շրջանակում։

2025 թվականի հունիսի 2-ին Ստամբուլում տեղի ունեցած ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնության էին եկել փոխանակել բոլոր ծանր հիվանդ ռազմագերիներին, զոհված զինվորների մարմինները՝ 6000-ը 6000-ի դիմաց, և 18-ից 25 տարեկան անձանց: Սակայն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև փոխանակված մարմինների թիվն արդեն գերազանցել է այս թիվը: Նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել նոյեմբերին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախորդ փոխանակման ժամանակ Ռուսաստանը Կիևին է հանձնել ոչ ուկրաինացի 20 անձի մարմին:

Հարցին՝ ինչպե՞ս է ռուսական կողմը արձագանքում դրան, նա պատասխանել է. «Ոչ մի կերպ: Նրանք ասում են, որ նման բան  չի կարող լինել»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment