Կավելաշվիլի. Հայաստան–Ադրբեջան լարվածությունը մոտ է ավարտին

Կավելաշվիլի. Հայաստան–Ադրբեջան լարվածությունը մոտ է ավարտին

19 դեկտեմբերի 2025 – 12:14 AMT

PanARMENIAN.Net – Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում Հարավային Կովկասում ձևավորված լարված իրավիճակը մոտենում է ավարտին։ Այդ մասին նա ասել է Բելգրադում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը շարունակում է համարվել այն առանցքային շրջաններից մեկը, որը կապում է Արևելքն ու Արևմուտքը, հայտնում է APA-ն։

«Սերբերի համար ևս մեծ հնարավորություններ կբացվեն այս միջանցքի հետ կապված։ Մենք կզարգացնենք ավելի սերտ կապեր Բալկանյան երկրների հետ Սև ծովի միջոցով։ Սա թույլ կտա երկկողմ օրակարգում ներառել ավելի շատ հարցեր», − հավելել է Կավելաշվիլին։

Իր հերթին՝ Վուչիչը նշել է Վրաստանի կարևոր աշխարհաքաղաքական դիրքը աշխարհում. «Վրաստանը հրաշալի երկիր է Սև ծովի ափին, որը սահմանակից է Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ»։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Leave a Comment