Բրյուսելում ֆերմերների ցույցն ուղեկցվել է անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով

Բրյուսելում եվրոպացի ֆերմերների ցույցը Mercosur առևտրային բլոկի հետ ԵՄ համաձայնագրի դեմ, որի մեջ մտնում է Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը, ավարտվել է անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով, հայտնում է DW-ն:

Բրյուսելի եվրոպական թաղամասում (այն շրջանում, որտեղ գտնվում են Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի շենքերը) ցուցարարները փորձել են ճեղքել ցանկապատերը, վառել խարույկներ և կիրառել պիրոտեխնիկա, ինչպես նաև արցունքաբեր գազ են ցողել ու կարտոֆիլ նետել ոստիկանների ուղղությամբ: Նշվում է, որ քաղաքի ոստիկանությունը անկարգությունների մասնակիցների դեմ ջրցան մեքենաներ է կիրառել։

Անկարգությունների ֆոնին Եվրախորհրդարանի աշխատակիցներին տեղափոխել են այլ շենքեր։

Այսօր Բրյուսելում մեկնարկում է ԵՄ գագաթնաժողովը, որի ընթացքում եվրոպական երկրների ղեկավարները քննարկելու են նաև Եվրամիության և Լատինական Ամերիկայի երկրների միջև առևտրային համաձայնագիրը: Բրյուսելում ֆերմերների բողոքի մասնակիցները դեմ են համաձայնագրին, քանի որ մտահոգվում են ավելի էժան ներմուծվող գյուղատնտեսական արտադրանքի հետ մրցակցությունից, ինչպես նաև Եվրամիության սուբսիդիաների կրճատումից:

Leave a Comment