«Նուբարաշենի» աղբավայրի խնդրի լուծումն արդյո՞ք կստանա 2026 թվականին։ Այս տարվա ընթացքում Երևանի քաղաքապետը հանձնարարական էր տվել՝ մշակել ներդրումային փաթեթ՝ աղբի վերամշակման, գազի հավաքման կայանի ստեղծման և շահագործման վերաբերյալ։
Այս թողարկման ընթացքում խոսելու ենք այն մասին, թե ո՞ր փուլում է քաղաքապետի հանձնարարականը և արդյո՞ք կա հնարավորություն, որ խնդիրը կլուծվի 2026-ի ընթացքում։
Նուբարաշենի քաղաքային աղբավայրն իր մեծությամբ հանրապետության ամենախոշոր աղբավայրն է՝ 52․3 հեկտար տարածքով։ Օդի, ջրի և շրջակա միջավայրի աղտոտվածության առումով շարունակում է խնդրահարույց մնալ Երևանի տարածքում գտնվող Նուբարաշենի աղբավայրի հարցը։ Աղբն անընդհատ կուտակվում է, սակայն աղբավայրը սանիտարական որևէ նորմայի չի համապատասխանում։ Ամռան տաք օրերին անընդհատ այրվում է, անձրևների հետ էլ աղբավայրի թունավոր նյութերը հայտնվում են քաղաքի տարբեր հատվածներում։ Դե էլ չասենք, թե որքան աղետալի վիճակում է աղբավայրի տարածքը, որտեղ ամեն օր կուտակվում է աղբ։
Բնապահպան Սիլվա Ադամյանն ասում է, որ եթե օր առաջ Նուբարաշենի աղբավայրի խնդիրը չլուծվի, ապա ավելի լուրջ խնդիրների առջև ենք կանգնելու։
Յուրաքանչյուր անգամ, երբ աղբավայրի տարածքում հրդեհ է բռնկվում, խնդրի մասին սկսում են խոսել և պահանջել լուծումներ։ Խնդրի մասին խոսում են նաև պատասխանատու մարմինները։ Մասնավորապես, Նուբարաշենի աղբավայրի վերջին հրդեհից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել էր, որ մինչև տարեվերջ ներկայացնեն կոնկրետ գործողությունների ծրագիր, այլապես կդիմի կտրուկ միջոցների։ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ փուլում են աշխատանքները.
«Ազգային մակարդակում կա որոշում՝ 5 կենտրոնացված աղբավայրերին է վերաբերում, որոնցից մեկը Երևանի աղբավայրն է։ Հետևապես այս ծրագիրը վարկային ծրագիր է լինելու և ենթադրում է Նուբարաշենի աղբատեղի փակում և նոր սանիտարական աղբավայրի հիմնում։ Այս պահին բանակցություններ են, տեխնիկական առաջադրանքի քննարկումները մեր միջազգային գործընկերների հետ ընթացքի մեջ են։ Միևնույն ժամանակ քաղաքապետի հանձնարարականով վարչության կողմից մշակվել է ներդրումային ծրագրի փաթեթի առաջարկ՝ Երևանում աղբի վերամշակման կամ այրման, այսպես ասած, կայանի ստեղծման և շահագործման»։
Նուբարաշենի աղբավայրի խնդրի լուծումը բարդ է, քանի որ այն տարբեր շահառուների և գերատեսչությունների դաշտում է։ Իսկ թե ինչո՞ւ են մինչ այժմ ձախողվում բոլոր ծրագրերը Նուբարաշենի աղբավայրի վերաբերյալ, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց․
«Խնդրի լուծումը մի քանի փուլերից է կազմված, ինչը բավականին ժամանակատար է, քանի որ պետք է հերթականությամբ իրականացվեն՝ մինչև հասնենք վերջնանպատակին։ Աղբավայրի փակում կամ աղբի վերամշակման գործարանի ստեղծում պետք է իրականացվի։ Տեխնիկատնտեսական մանրամասն ուսումնասիրություններ արվեն, հետո նախագիծ և հետո միայն բուն աշխատանքները մեկնարկեն։ Այդ բոլոր փուլերը բավական երկար ժամանակ, նաև ֆինանսական շատ մեծ միջոցներ են պահանջում։ Ինչ-որ մի փուլում այդ աշխատանքների դադարեցումը բերում է ծրագրի տապալման, այդպես եղավ նաև 2016 թվականից մեկնարկած՝ Երևան քաղաքի կոշտ թափոնների կառավարման ծրագրի հետ։ Ծրագրի ընթացքում մի քանի անգամ մրցույթներ հայտարարվեցին, սակայն չկայացան դրանք՝ մրցակցության ոչ բավարար պայմանների կամ պահանջներին չհամապատասխանող կազմակերպության առկայության պայմաններում»։
Բնապահպանները համոզված են, որ աղբավայրի լուծումը մեկն է՝ աղբավայրի աղբը պետք է վերամշակվի․ «Ընդլայնել, փակել… այս ամենը ոչ մի բանով մեզ չի օգնի։ Այսինքն՝ մենք ունենք մի ճանապարհ, և այդ ճանապարհն աղբի վերամշակումն է, որով ամբողջ աշխարհը գնում է»։
Քաղաքապետարանն այժմ որդեգրել է այս ճնապարհը՝ աղբի վերամշակման գործարան կառուցելուն զուգահեռ, աղբավայրի փակում, մանրամասնում է Ավետիսյանը․ «Աղբի վերամշակման գործարանի կառուցման ճանապարհով ենք մենք հիմա գնում, զուգահեռ գոյություն ունի նաև աղբավայրի փակման և նոր աղբավայրի կառուցման ծրագիրը։ Մրցութային պայմաններն ենք հիմա մշակում։ Այն երկու փուլով է իրականացվելու, չենք սահմանափակել պոտենցիալ ներդրողներին»։
Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ կան բավականին ազատ տարածքներ, որտեղ էլ կկառուցվի գործարանը, հարևանությամբ կկառուցվի նաև սանիտարական աղբավայր ևս։
Մինչև տարեվերջ կունենան ներդրողների անունները։ 2026 թվականին արդեն կիրականացվի ներդրումային առաջարկների իրականացման փուլը, որը պահանջում է նախապատրաստական աշխատանքներ՝ քաղաքապետարանից թույլտվությունների ստացում, մասնավորապես, ՇՄԱԳ փորձաքննության, շինարարության և այլն։