Հանրակրթության պետական չափորոշիչը վերանայվում է․ ինչ նոր կարգավորումներ են նախատեսվում

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի  8-ի  N 439-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման  նախագիծը։

Նախագծով սահմանվում է հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման նոր կարգ, ինչպես նաև հաստատվում է հանրակրթության պետական նոր չափորոշիչը՝ համապատասխան հավելվածներով։

Ե՞րբ է ուժի մեջ մտնելու որոշումը

Առաջարկվող որոշմամբ նախատեսվում է, որ այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Ի՞նչ է կարգավորվում նոր կարգով

Նոր կարգով կանոնակարգվում են՝

  • հանրակրթության պետական չափորոշչի,
  • առարկայական չափորոշիչների և ծրագրերի ձևավորման, հաստատման և հանրակրթական համակարգում ներդրման գործընթացները։

Սահմանվում է, որ հանրակրթության պետական չափորոշիչը բաղկացած է մի շարք հիմնարար բաղադրիչներից՝ ուսումնական բնագավառներ, ուսումնական պլանի կառուցվածք, սովորողների գնահատման սկզբունքներ, ինչպես նաև շրջանավարտներին ներկայացվող կարողունակություններն ու ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների։

Ո՞վ է մշակում և հաստատում չափորոշիչը

Չափորոշիչը մշակվում է ՀՀ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից։ Այդ նպատակով ձևավորվում է հանձնաժողով, որը ներգրավում է մասնագիտական աշխատանքային խմբեր՝ առանձին բաղադրիչների և առարկայական չափորոշիչների մշակման համար։

Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատվում է ՀՀ կառավարության կողմից, իսկ առարկայական ծրագրերն ու չափորոշիչները՝ լիազոր մարմնի կողմից։

Նախագծով նաև նախատեսվում է, որ չափորոշիչը կարող է վերանայվել՝ առնվազն 4 տարին մեկ անգամ իրականացված վերլուծությունների արդյունքների հիման վրա։

Ինչի՞ն է ուղղված հանրակրթության պետական չափորոշիչը

Նոր չափորոշիչը սահմանում է միջնակարգ կրթության շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները՝ կարողունակությունների (կոմպետենցիաների) տեսքով, ինչպես նաև՝

  • ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները,
  • սովորողի ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները,
  • ուսումնական պլանների և առարկայացանկերի ձևավորման սկզբունքները,
  • գնահատման տեսակներն ու սանդղակները։

Չափորոշիչը նպատակաուղղված է ներառական, հավասարապես որակյալ և հասանելի կրթության քաղաքականության ապահովմանը և պարտադիր է բոլոր հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար՝ անկախ ենթակայությունից և կազմակերպական-իրավական ձևից։

Շեշտադրում՝ կարողունակությունների վրա

Նախագծով ամրագրվում է, որ կրթական գործընթացի առանցքում դրվում են սովորողի կարողունակությունները, այդ թվում՝

  • լեզվական և հաղորդակցական,
  • սովորել սովորելու,
  • ինքնաճանաչողական և սոցիալական,
  • ժողովրդավարական մշակույթի,
  • թվային և մեդիա,
  • մշակութային,
  • մաթեմատիկական և գիտատեխնիկական,
  • տնտեսական կարողունակությունները։

Այս կարողունակությունները պետք է ձևավորվեն կրթական բոլոր աստիճաններում՝ տարրականից մինչև միջնակարգ։

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ուսումնական պլաններում

Նախագիծը մանրամասն կարգավորում է ուսումնական պլանի կառուցվածքը՝ սահմանելով պետական, դպրոցական և անհատական (ընտրովի) բաղադրիչները, ինչպես նաև ուսումնական ժամաքանակների նվազագույն և առավելագույն շեմերը յուրաքանչյուր կրթական աստիճանի համար։

Սահմանվում է նաև ուսումնական նախագծերի պարտադիր իրականացում՝ սկսած 7-րդ դասարանից, ինչպես նաև նպատակային ծրագրերի ներդրում միջնակարգ կրթության երրորդ աստիճանում։

Ի՞նչ է սպասվում արդյունքում

Կառավարության նախաձեռնության նպատակն է՝

  • ապահովել կրթության բովանդակության համակարգված և շարունակական զարգացում,
  • ուժեղացնել կարողունակությունների վրա հիմնված կրթական մոտեցումը,
  • բարձրացնել հանրակրթության որակն ու համապատասխանությունը ժամանակակից պահանջներին,
  • ապահովել ներառական և հավասար հնարավորություններով կրթական միջավայր։

Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net։

Leave a Comment