
ԱՄՆ-ը դադարեցնում է green card-ի խաղարկության ծրագիրը Ռոդ Այլենդ նահանգի Բրաունի համալսարանում տեղի ունեցած հրաձգությունից հետո, քանի որ կրակողը երկիր էր մուտք գործել Diversity Lottery (DV1) ծրագրով՝ ստանալով green card, հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։
«Նախագահ Թրամփի հանձնարարությամբ ես անհապաղ հանձնարարեցի USCIS-ին դադարեցնել DV1 ծրագիրը, որպեսզի երաշխավորվի, որ այլևս ոչ մի ամերիկացի չի տուժի այս աղետալի ծրագրից»,- գրել է Նոեմը։
Նրա խոսքով՝ կրակողը՝ Կլաուդիո Մանուել Նևեշ Վալենտեն, ԱՄՆ է մուտք գործել 2017 թվականին։ Նոեմը հիշեցրել է, որ Թրամփը դեռ իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում պայքարում էր այս ծրագրի դադարեցման համար Նյու Յորքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամի վարած բեռնատարը մարդկանց վրա մխրճվելուց հետո։ Այն ժամանակ զոհվել էր ութ մարդ։ Այդ բեռնատարի վարորդը նույնպես երկիր էր մուտք գործել DV1 ծրագրով։