Երրորդ երկրներից մի շարք մետաղական ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելք

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Երրորդ երկրներից մի շարք ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության  նախագիծը։ Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումները կմտնեն ուժի մեջ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կգործի 6  ամիս ժամկետով։

Ի՞նչ է նախատեսվում

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածը՝ Կառավարությունը առաջարկում է սահմանել երրորդ երկրներից մի շարք մետաղական ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելք։

Մասնավորապես՝ նախատեսվում է ժամանակավորապես արգելել «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի հետևյալ ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծումը՝

  • երկաթ և չլեգիրված պողպատ՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով (ԱՏԳ ԱԱ 7206),
  • երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկներ (ԱՏԳ ԱԱ 7207),
  • այլ լեգիրված պողպատ՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով, կիսապատրաստուկներ (ԱՏԳ ԱԱ 7224),
  • «Բացթողում՝ ներքին սպառման համար» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով։

Ո՞ր դեպքերում արգելքը չի կիրառվի

Նախագծով սահմանվում են բացառություններ, որոնց համաձայն՝ արգելքը չի տարածվում՝

  • ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ներմուծվող ապրանքների վրա՝ եթե չեն գերազանցում ՀՀ կառավարության 13.02.2020թ. N 171-Ն որոշմամբ սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները,
  • մինչև որոշման ուժի մեջ մտնելը հայտարարագրված և մաքսային մարմինների կողմից բացթողումը թույլատրված ապրանքների վրա։

Միասնական ծանուցում ԵԱՏՄ շրջանակում

Նախագծով նախատեսվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշման ուժի մեջ մտնելուց հետո 3-օրյա ժամկետում կծանուցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ներմուծման ժամանակավոր արգելքի կիրառման մասին։

Ինչո՞վ է պայմանավորված նախաձեռնությունը

Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ-ում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող մետալուրգիական և մետաղամշակման ոլորտի խթանման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ սև մետաղների արտադրության և ներքին շուկայի պաշտպանության անհրաժեշտությամբ։

Վերջին տարիներին իրականացված կարգավորումների արդյունքում Հայաստանում ապահովվել են տեղական արտադրողների համար հավասար մրցակցային պայմաններ, կատարվել են ներդրումներ, ստեղծվել կամ ընդլայնվել են մետաղագործական արտադրություններ, իրականացվել է ներմուծման մասնակի փոխարինում։ Սակայն ներմուծվող մետաղական նախապատրաստվածքների գների անկումը հանգեցրել է նրան, որ տեղական արտադրողները հայտնվել են անհավասար մրցակցային պայմաններում՝ վտանգելով նրանց ֆինանսատնտեսական կայունությունը և արտադրական շղթայի շարունակականությունը։

Կարգավորման նպատակը

Նախագիծը նպատակ ունի՝

  • պաշտպանել ներքին շուկան և տեղական արտադրողներին,
    կանխել մետալուրգիական ձեռնարկությունների գործունեության դադարի ռիսկերը,
  • ապահովել ներմուծման փոխարինում,
  • խթանել բարձր ավելացված արժեք ունեցող մետաղական արտադրանքի տեղական արտադրությունը։

Ո՞վ է մշակել նախագիծը

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ շահագրգիռ պետական մարմինների և ոլորտի արտադրողների հետ քննարկումների արդյունքում։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի ծախսերի էական ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021–2026 թվականների ծրագրից և նույն ժամանակահատվածի գործունեության միջոցառումների ծրագրից՝ մասնավորապես մշակող արդյունաբերության զարգացման և ներքին շուկայի պաշտպանության ուղղություններով։

Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է՝

  • տեղական մետալուրգիական և մետաղամշակման ոլորտի գործունեության կայունացում,
  • արտադրական ամբողջական շղթայի պահպանություն՝ ջարդոնից մինչև բարդ ապրանքների արտադրություն,
  • Հայաստանի տնտեսության մրցունակության և տնտեսական բարդության բարձրացում։

Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net։

Leave a Comment