Համապետական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում ակտիվացել են տարբեր ուժերի միջեւ հանդիպումներն ու քննարկումները։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ մի շարք քաղաքական ուժեր արդեն իսկ ունեցել են համատեղ քննարկումներ՝ հնարավոր համագործակցության եւ օրակարգային հարցերի շուրջ։ Խոսքը վերաբերում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը, «Նժար» շարժմանը, «Սասնա ծռեր» կուսակցությանը, «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանին, «Ապրելու երկիր» կուսակցությանը։
Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ քննարկումները կրել են բաց եւ հրապարակային բնույթ։
«Նշված ուժերի կողմից մի քանի անգամ կազմակերպվել են քննարկումներ, որոնց մեր թիմակիցներն իրենց մասնակցությունն ունեցել են։ Քննարկումները եղել են հրապարակային՝ տարբեր թեմաների շուրջ, այդ թվում Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ այլ հարցերի», – ասաց Առաքելյանը։
Նա ընդգծեց, որ «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի միանշանակ որոշում՝ մասնակցել ընտրություններին, իսկ համագործակցության ձեւաչափի հարցը դեռ քննարկման փուլում է։
Միաժամանակ Մեսրոպ Առաքելյանը վստահեցրեց, որ կուսակցությունում թեկնածուի խնդիր չկա։ Նրա խոսքով՝ հստակ որոշման դեպքում կուսակցության նախագահի՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունն ամենահավանականն է, սակայն չբացառեց նաեւ սեփական մասնակցությունը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: