
Եվրամիության առաջնորդները 16 ժամ տեւած քննարկումներից հետո այդպես էլ համաձայնության չեն եկել Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների հաշվին Ուկրաինային ֆինանսավորելու շուրջ, հայտնում է BBC-ին։
Սակայն ԵՄ-ն հաստատել է Կիեւին լրացուցիչ 90 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցությունը` Եվրամիության բյուջեով ապահովված վարկի տեսքով։
«Ուկրաինային 2026–2027 թվականների համար 90 միլիարդ եվրոյի աջակցություն տրամադրելու որոշումը հաստատվել է»,- երկարատեւ բանակցություններից հետո ուրբաթ գիշերը սոցիալական ցանցերում գրել է ԵՄ եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։
Կոշտան չի մանրամասնել, թե որտեղից են հատկացվելու այդ միջոցները, սակայն Reuters –ը հայտնում է, որ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի նախագծից տեղեկացել է, որ գումարները կհատկացվեն կապիտալի շուկաներից ներգրավված փոխառությունների հաշվին։
Քանի որ Հունգարիան, Սլովակիան եւ Չեխիան չեն ցանկացել մասնակցել Ուկրաինայի ֆինանսավորմանը, ապա նրանք այս հարցում ֆինանսական պարտավորություն չեն ունենա։