18 Դեկտեմբերի 2025, 22:00
Հենրիկ Սիրավյանն իր ուրույն տեղն ունի 20-րդ դարի հայ արվեստի պատմության մեջ: Ծնվել է 1928թ. դեկտեմբերի 18-ին Երևանում, վաղ տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել գեղանկարչության նկատմամբ և անցել մասնագիտական լուրջ դպրոց:
Սիրավյանը կրթություն է ստացել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, այնուհետև Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Դեռ 1950-ականների կեսերին Սիրավյանը ակտիվորեն մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսներին՝ ներկայացնելով Հայաստանը Պորտուգալիայում, Դանիայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Ավստրիայում և Իտալիայում։
Առանձնահատուկ նշանակություն է ունեցել նրա աշխատանքը Մարտիրոս Սարյանի արվեստանոցում։ Սիրավյանը մեծ ճանաչում է ստացել Մոսկվայի Համամիութենական երիտասարդական ցուցահանդեսում, ինչպես նաև Երևանում անցկացված հանրահայտ «Հինգերի ցուցահանդես»-ում։
Սիրավյանը վարպետ էր, ում ստեղծագործությունը դուրս էր գալիս Հայաստանի սահմաններից։ 1970-80-ական թվականներին նա տարբեր երկրների համաշխարհային ցուցահանդեսներում ձևավորել է ազգային տաղավարներ՝ ստանալով մրցանակներ գեղարվեստական ձևավորման համար։ Նրա «Հայ երգ» որմնանկարը, որը նվիրված է արևմտահայերի հիշատակին, դարձել է ամենանշանավոր ստեղծագործություններից մեկը, որտեղ մեկտեղվել են պատմության ողբերգությունն ու ազգային ոգու ուժը:
1993 թվականին Երևանում տեղի է ունեցել նկարչի անհատական մեծ ցուցահանդեսը, իսկ 2001 թվականին նրա մահից հետո Վարպետի հիշատակը շարունակում է ապրել բազմաթիվ ցուցադրություններում: Սիրավյանը Հայաստանի վաստակավոր նկարիչ է, նա թողել է հարուստ ժառանգություն, որը ներկայացված է Երևանի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կիևի և այլ քաղաքների թանգարաններում: