Այսօրվա փորձաքննությունն ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանն այլևս լիովին սպառված ռեսուրս է. Հայկ Դեմոյան

«Օրվա անտեսանելի խորհուրդը» խորագրի ներքո Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն անդրադարձել է Սուրբ Էջմիածնում այսօր տեղի ունեցած իրադարձություններին.

Կրկեսի վերածված պետականությունը սահուն անցում է կատարում համատարած բարդակի ռեժիմի: Քաոսը ստեղծում է ոչ թե Նիկոլը, այլ Նիկոլին իշխանության բերած ուժերը: Այսօր Մայր Աթոռի պատերի տակ տեղի ունեցածը եթե դիտարկենք վերջերս շատ սիրված հիբիրիդային պատերազմների տրամաբանության մեջ, ապա պետք է արձանագրենք, որ Նիկոլի միջոցով հենց այդ ուժերը փորձարկեցին մի կարևոր բան. մոբիլիզացիոն, ասել կուզի՝ համախմբման ռեսուրսի ու հնարավորությունների առկայությունն ու դրա իրական պոտենցիալը:

Այս գիտափորձը խիստ անհրաժեշտ էր հենց Նիկոլի միջոցով պարզելու Նիկոլ Փաշինյանի իրական շանսերն ու հնարավորությունները 2026 թվականի հունիսին նշանակված ընտրությունների նախաշեմին: Թավշյա անձնակազմն այսօր տեղի ունեցածի արդյունքում հիմիկվանից կարող է մի ձեռք ներքնաշոր նախապատրաստել ու հաց չորացնել: Տոմսեր մի ամրագրեք, ձեզ միևնույն է կհայտնաբերեն ու հատուցումը կստանաք ողջ ծավալով:

Գլխավոր հետևությունը

Բոլոր այն ուժերը, ովքեր դիրքավորվում են 2026 թվականի հունիսյան ընտրություններին մասնակցելու համար, ուղղակիորեն ներգրավված են լինելու Նիկոլ Փաշինյան վերարտադրելու «փրկարար գործողությանը»: Վերջակետ:

Այսօրվա փորձաքննությունն ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանն այլևս լիովին սպառված ռեսուրս է: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ նոր հերթափոխ պետք է պատրաստվի՝ Նիկոլի կլոնի տեսքով: Արդյունքում բազմակողմ գաղութացման ենթարկված հայկական պետականության մնացուկները ինքնիշխանության որևէ շանս չեն ունենա:

Պայքարը «թավշյա» համաճարակի դեմ հակագաղութային պայքար է լինելու: Վերջիվերջո պետք է գիտակցել, որ Նիկոլի միջոցով Հայաստանի Հանրապետությունը ենթարկվում է բազմաբևեռ կառավարման, որի արդյունքում մենք համարյա ոչինչ չենք ստանում, այլ միայն կորցնում ենք:

Հակասահմանադրական ճանապարհով իշխանության բերված ու այլանդակ բռնաճնշումների գործելաոճ որդեգրած իշխանությունն ու դրա ներկայացուցիչները պետք է օրենքից դուրս համարվեն:

Գոյություն ունի մեկ միասնական ճակատի գիծ՝ օր առաջ բոլոր հնարավոր միջոցներով չեզոքացնել Հայաստանի Հանրապետության կատարյալ անկումն ու բացառել Նիկոլ-2-ի ծնունդը «Չորրորդ հանրապետության» ծննդատանը:

Leave a Comment