Լեգենդար բռնցքամարտիկ Թերենս Քրոուֆորդը սոցցանցերում հայտնել է կարիերան ավարտելու մասին։
«Յուրաքանչյուր մարտիկ գիտի, որ այս պահը գալու է։ Ես ամբողջ կյանքում փնտրտուքների մեջ եմ եղել։ Խոսքը ոչ գոտիների, ոչ փողի և ոչ էլ գլխագրերի մասին է։ Դա այն զգացողությունն է, երբ ամբողջ աշխարհը կասկածի տակ է դնում ունակություններդ, բայց դու անընդհատ բոլորին ապացուցում ես, որ սխալվում են։
Ես մենամարտում էի ընտանիքիս, քաղաքիս և այն երեխայի համար, որն ուներ միայն երազանք ու մեկ զույգ ձեռնոց։
Այս սպորտին տվել եմ շունչս, սպիներս, հաջողություններս, սրտի ամեն գրամը։ Հեռանալու ժամանակն է»,- գրել է 38-ամյա Քրոուֆորդը։
Քրոուֆորդը պրոֆեսիոնալ ռինգում հաղթել է անցկացրած բոլոր 42 մենամարտերը (31-ը` նոկաուտով)։ Նա տարբեր ժամանակահատվածներում աշխարհի բացարձակ չեմպիոն է եղել երեք տարբեր քաշային կարգերում` առաջին կիսամիջին (63,5կգ, 2017թ.), կիսամիջին (66,7կգ, 2023թ.) և երկրորդ միջին (76,2կգ, 2025թ.)։ Նա այդ ցուցանիշով պատմության մեջ միակն է։