18 դեկտեմբերի 2025 – 18:21 AMT
PanARMENIAN.Net – Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Դեկտեմբերի 18–ին ընդունված բանաձևը նաև քննադատել է Ադրբեջանի գործող վարչակազմին՝ ազգային անվտանգության պաշտպանության քողի տակ ընդդիմախոսներին ճնշելու, լրագրողներին, խաղաղության պաշտպան ակտիվիստներին ու իրավապաշտպաններին ազատազրկելու համար։
«Բաքվի հետ հարաբերությունների հետագա առաջընթացը պետք է շաղկապվի այս ուղղությամբ կատարվելիք քայլերի հետ», – հայտարարել են Եվրախորհրդարանի պատգամավորները, հայտնում է «Ազատությունը»։
Փաստաթուղթը մատնանշում է հատկապես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վաղեմի կողմնակից, գիտնական Բահրուզ Սամեդովի և թալիշ հետազոտող Իքբալ Աբիլովի ձերբակալությունները՝ դրանք որակելով ապօրինի: Եվրոպացի պատգամավորները փաստում են, որ նրանց դատավարությունը տեղի է ունեցել փակ դռների հետևում, խախտվել են արդար դատավարության չափանիշները և անմեղության կանխավարկածը։ Միակ ապացույցը, որը ներկայացվել է դատարանում, երիտասարդ գիտնականների կապերն են հայ գործընկերների հետ։ Նրանք դատապարտվել են 15-18 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության մեղադրանքով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարվել է, որ մոտ 20,000 մարդու համաներում է նախատեսվում, սակայն, ըստ փորձագետների, նրանց թվում դժվար թե լինեն քաղբանտարկյալները։