Քաղաքականություն
18.12.2025 | 18:26
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանի խնդիրը մնում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի չլուծված հարցերից մեկը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«ԱՄՆ-ն առաջարկել է փոխզիջում, իրենց կարծիքով՝ կայանը պետք է ինչ-որ կերպ գոյություն ունենա, գործի և որոշակի համամասնությամբ բաժանվի երեք երկրների միջև։ Ես մանրամասն քննարկեցի սա և նրանց ասացի, որ սա անարդար եմ համարում»,- ասել է Զելենսկին։
Ռուսաստանը ատոմակայանը գրավել է 2022 թվականի գարնանը։
Նոյեմբերի վերջին Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել էր, որ Զապորոժեի ատոմակայանը կպահանջի «հատուկ կարգավիճակ», եթե պատերազմը դադարեցնելու համաձայնագիր կնքվի։
Փաստաթղթում, որն արևմտյան լրատվամիջոցներն անվանել էին պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ-ի կողմից մշակված 28 կետանոց ծրագրի սկզբնական տարբերակ, նշվում էր, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի գործարկումը կիրականացվի ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո, իսկ արտադրված էլեկտրաէներգիան հավասարապես կբաշխվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի