Ժողովրդից շատերը եկեղեցուց հիասթափվում են հենց այս տիրադավ եպիսկոպոսների վարքի, բարքի, կենցաղի պատճառով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տեր Վրթանես Բաղալյանը։
«Վեհափառ հայրապետը բնականաբար բազմաթիվ միջոցներ կիրառել է, նաև նկատողություններ է արել, հավանաբար նաև առանձին զրույցներ է ունեցել, բայց իրենք միշտ էլ բազմերես են եղել և այսօր էլ տեսնում ենք իրենց այդ երեսներից մեկը, որ ասենք տիրադավ կերպով համախմբվել են հակաեկեղեցական այս օրակարգի շուրջ և վստահ ենք, որ Աստծո ողորմածությամբ մեր եկեղեցին այս փուլն էլ կհաղթահարի», -ասաց նա:
Տեր Վրթանեսը՝ անդրադառնալով Մայր Աթոռում կուտակված ոստիկանական ուժերին նշեց․
«Ամենամեծ հաղթաթուղթը, որ իրենք ունեն, այդ ոստիկանական ուժերն են։ Վերջին վեց-յոթ տարիների ընթացքում մեր հանրապետության հիմնական ձեռքբերումը այս ոստիկանական ուժերն են, քանի որ իշխանությունները, միշտ ներքին վախ են ունեցել իրենց աթոռը կորցնելու, արտաքին թշնամու դեմ պայքարելու։ Ես կուզեի, որ այս ոստիկանների փոխարեն ունենայինք օրինակ զինվորականներ այսքան։ Եթե պետությունը վերջին տարիներին ինչքան ոստիկաններ է պատրաստել և ինչ ներդրումներ է արել ոստիկանության այս տարբեր համակարգերը, ստորաբաժանումներ ստեղծելու գործում, այսքան ներդրում աներ բանակի վրա և բանակում այսպիսի բարեփոխումներ աներ, կարծում եմ ինքը այսքան վախեցած չէր լինի Ալիևից, Էրդողանից, Փաշազադեից և նրանց օրակարգով չէր առաջնորդվի»։