Լավրովը՝ ՀՀ–ին ԵՄ օգնության մասին․ Օտարերկրյա միջամտության ընդունում

Լավրովը՝ ՀՀ–ին ԵՄ օգնության մասին․ Օտարերկրյա միջամտության ընդունում

18 դեկտեմբերի 2025 – 18:11 AMT

PanARMENIAN.Net – ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջազգային համագործակցության գլխավոր խորհրդի կոմիտեի նիստում ասել է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը անկեղծ խոստովանություն է արել՝ խոստանալով, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ պայքարել «վնասակար արտաքին միջամտության դեմ, ինչպես դա արել են Մոլդովայում»։

«Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը «կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել են Մոլդովայում»։ Սա անկեղծ խոստովանություն է, մեղայական»,– ասել է Լավրովը, հայտնում է Sputnik Արմենիան։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոն վաղուց քաղաքական ճնշման գործիքի է վերածվել, իսկ այն զեկույցները, որոնք պատրաստում են ընտրությունների դիտորդական առաքելությունները, աշխարհաքաղաքական նկատառումներ ունեն։

«Եթե հաղթում է ոչ արևմտամետ թեկնածու, ապա տրվում են ամենախիստ գնահատականները` ընդհուպ մինչև կրկնակի քվեարկություն։ Եթե հաղթում է Արևմուտքի կողմից ակտիվորեն «առաջ տարվող» մեկը, դա փառաբանվում է որպես «ժողովրդավարության հաղթանակ»։ Ընտրությունների վերաբերյալ այդ եզրակացությունները նախապես են պատրաստում։ Բոլորը գիտեն այդ մասին։ Այդ ամենը ԵՄ-ի կողմից բնութագրվում է որպես «ընտրական դիտորդության ոսկե չափանիշ»», – հայտարարել է նա։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ–ն ՀՀ–ին 15 մլն եվրո կտրամադրի մի քանի ծրագրեր իրականացնելու համար` ականազերծման հետ կապված աշխատանքներ, ինչպես նաև հիբրիդային պատերազմի շրջանակում աջակցություն։

Leave a Comment