ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը հերքել է, թե իբր կաթողիկոսը կարող է ՌԴ տեղափոխվել և այնտեղից ղեկավարել

ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը հերքել է, թե իբր կաթողիկոսը կարող է ՌԴ տեղափոխվել և այնտեղից ղեկավարել

18 դեկտեմբերի 2025 – 17:33 AMT

PanARMENIAN.NetՌուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը հերքել է իշխանամերձ որոշ ԶԼՄ–ների անհիմն տեղեկությունները, թե իբր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն կարող է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն և կառավարել հեռակա:

Նշվում է, որ Վեհափառ հայրապետը, որպես Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ, ամբողջովին տիրապետում է եկեղեցու կյանքին առնչվող գործընթացներին, հայտնում է «Փաստինֆոն»։

Հայտարարության մեջ ասվում է, որ, «թիրախավորելով եկեղեցու միասնականությունը և Վեհափառ հայրապետին, Հայաստանի օրվա իշխանությունները և նրանց տերերը ցանկանում են մասնատել եկեղեցին, ստեղծել հակաթոռ և նշանակել իրենց կողմից «ընտրված» կաթողիկոս:Նրանց նպատակն է, հակառակ Սահմանադրության և օրենսդրության, եկեղեցին ամբողջովին ենթարկել իրենց` դրանով իսկ պառակտելով 2000-ամյա եկեղեցու միասնականությունը»:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած մի խումբ եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ հորդորելով դեկտեմբերի 18–ին միանալ իրենց Մայր Աթոռում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով»։ Արագածոտնի թեմի հոգևորականները հայտարարել են, որ համատեղ աղոթքը, որը կայանալու էր Բյուրականի Ս․ Հովհաննես եկեղեցում, կանցկացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Դրան հաջորդել են քաղաքացիների, այդ թվում քաղաքական և հասարակական գործիչների կոչերը, 15։30–ից հավաքվել Մայր Աթոռում՝ ի աջակցություն եկեղեցու և կաթողիկոսի։

Leave a Comment