Իրավապաշտպան, «Արդարության նոր մշակույթ» ՀԿ համահիմնադիր Զառա Հովհաննիսյանը հանդես է եկել կոչով՝ հորդորելով զերծ մնալ եկեղեցիների տարածքներում բախումներ հրահրող և սադրիչ գործողություններից։
Իր հրապարակման մեջ նա ընդգծել է, որ որպես քրիստոնեական մշակույթի կրողներ՝ հասարակությունը պետք է հավատարիմ մնա փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և սիրո արժեքներին՝ որքան էլ դա այս օրերին դժվար լինի։
«Սիրելի հայրենակիցներ, հավատացյալներ կամ ուղղակի սրտացավ մարդիկ։
Խնդրում եմ եկեղեցիների տարածքները բախումների թատերաբեմ դարձնելու սադրող, հրահրող գործողություններից զերծ մնալ։ Որպես քրիստոնեական մշակույթի կրողներ, մենք պետք է հավատարիմ մնանք փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և, նույնիսկ, որքան էլ որ դա այս ժամանակներում դժվար է, սիրո արժեքներին։
Գիտեմ, որ մեր փոքրիկ ու խոցված երկրում խորացել է բևեռացմումը, որն իր հետ բերել է նաև հանրային ցավոքտ պրոցեսներ, սակայն այս մթնոլորտում ոչ ոք չի շահում։ Հայաստանի վերջին տասնամյակների պատմությունը կարելի է նկարագրել մեկ բառով՝ ցնցումներ։ Յուրաքանչյուր նոր իրադարձություն գալիս է ոչ թե որպես փոփոխության ու ամոքման փուլ, այլ որպես նոր վերք՝ պատերազմի, հեղափոխության, քաղաքական հիասթափության կամ կրոնական դավերի տեսքով։ Եվ այդ վերքերի խորքում ձեւավորվել է երևույթ, որի մասին քիչ է խոսվում՝ հասարակության հոգեբանական սպառվածությունը։ Հոգեբանական սպառվածությունը ծնում է ցինիզմ, ագրեսիա և մեզ հեռացնում հավաքական արժեքներից, որոնց առանցքում հենց խարսխված է հայ ժողովրդի տոկունությունը, համբերատարությունը, մարդասիրությունն ու միմյանց աջակցելու հզոր ուժը։ Եկեք այս դժվար պահերին հիշենք մեր ինքնության կարևոր հենակետերը ու վեր կանգնենք տարբեր խարդավանքներից։
Խաղաղություն մեր մտքերին, մեր սրտերին ու մեր երկրին։»