Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած 10 եպիսկոպոս նոր հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտնելով, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ներկայիս Գերագույն հոգևոր խորհրդի գործունեությունը և նոր անդամների նշանակումը՝ մինչև եկեղեցական-ներկայացուցչական նոր ժողովի հրավիրումը։
Նրանք հայտարարել են, որ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից հրավիրված Գերագույն հոգևոր խորհրդի նիստն անվավեր է, իսկ 2021 թվականից հետո այս մարմնի կայացրած որոշումները կարող են դիտարկվել ոչ իրավաչափ:
Նրանք պնդում են, որ դեկտեմբերի 15-ին կաթողիկոսը Հոգևոր խորհրդի մի շարք անդամների տեղեկացրել է, որ Հայրապետական տնօրինությամբ դադարեցրել է խորհրդի կազմում նրանց լիազորությունները` չնշելով հիմքերը և պատճառները։ Եպիսկոպոսները մանրամասնել են, որ սրբազանների մի մասը ԳՀԽ անդամ է ընտրվել չորս տարի ժամկետով՝ 2017 թվականի հունիսի 6-8-ը Մայր Աթոռում հրավիրված Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կողմից։
«Ըստ վերոհիշյալ կանոնադրության՝ երկու տարին մեկ անգամ պետք է հրավիրվի ԵՆԺ ժողով և ԳՀԽ կանոնադրության համաձայն՝ չորս տարին լրացած անդամի լիազորությունները դադարելու դեպքում պետք է կատարվի ԳՀԽ անդամների նոր ընտրություններ։ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու գործադիր իշխանության մարմինը շարունակել է գործել՝ խախտելով ԳՀԽ կանոնադրությունը։ Բնականաբար, հարցեր են առաջանում՝ մասնավորապես 2021 թվականից սկսած ԳՀԽ-ի գործունեության իրավազորության և կայացրած որոշումների օրինականության վերաբերյալ»,- ասվում է հայտարարությունում։
Նրանց խոսքով՝ ԵՆԺ և ԳՀԽ կանոնադրություններում բացակայում են նաև այն կարգավորումները, որոնք կարող են հիմք ծառայել եկեղեցու բարձրագույն մարմինների ժողովների չհրավիրման համար։
«Եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչներիս կողմից բազմիցս բարձրաձայնվել են եկեղեցու թերի կառավարմանը վերաբերող լրջագույն խնդիրները և մեր վերջին հանրային հայտարարություններում մատնանշվել են դրանց հանգուցալուծման հնարավորությունները՝ կաթողիկոսին հանգստյան կոչելու, նոր կանոնադրություն մշակելու և ընդունելու՝ հիմնվելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ավանդության և առաքելության վրա»,- եզրափակել են նրանք։
Եկեղեցու 10 եպիսկոպոս, ովքեր նոյեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կոչ էին արել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հրաժարական ներկայացնել, դեկտեմբերի 17-ին հանդես էին եկել նոր հայտարարությամբ: Նրանք կոչ էին արել միանալ իրենց դեկտեմբերի 18-ին Էջմիածնում և պահանջել Գարեգին Երկրորդի հրաժարականը:
Այս հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ էր հանդես եկել Արագածոտնի թեմը և հայտնել, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը՝ ժամը 17:00-ին:
Արագածոտնի թեմի հայտարարությունից հետո մի շարք քաղաքացիներ, քաղաքական գործիչներ ևս հայտնել են, որ լինելու են Էջմիածնում:
