Գաֆարովան ԵՄ դեսպանի հետ խոսել է ԵՄ–ՀՀ փաստաթղթում «մտահոգություն առաջացնող կետերի մասին»

Գաֆարովան ԵՄ դեսպանի հետ խոսել է ԵՄ–ՀՀ փաստաթղթում «մտահոգություն առաջացնող կետերի մասին»

18 դեկտեմբերի 2025 – 13:48 AMT

PanARMENIAN.Net – Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան Ադրբեջանում Եվրամիության դեսպան Մարիանա Կույունջիչի հետ հանդիպմանը խոսել է «ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգում» Ադրբեջանի համար «մտահոգություն առաջացնող կետերի մասին»։

Բանակցությունները տեղի են ունեցել Բաքվում և նվիրված են եղել Ադրբեջանի ու Եվրամիության հարաբերություններին, գրում է Minval.az-ը։

Մարիանա Կույունջիչը շնորհավորել է Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռքբերումների համար՝ դա բնութագրելով որպես պատմական իրադարձություն։ Նրա խոսքով՝ այս գործընթացի առաջընթացը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ մայրցամաքի և աշխարհի համար։

Սահիբա Գաֆարովան մանրամասն ներկայացրել է խաղաղ գործընթացի առաջմղմանն ուղղված քայլերը՝ այդ թվում՝ երկու երկրների խորհրդարանների միջև վստահության ամրապնդման միջոցառումները։

Նա նաև կանխակալ է անվանել Եվրախորհրդարանի «հակաադրբեջանական բանաձևերը»

Գաֆարովան ասել է, թե «ներկայիս տարածաշրջանային իրողությունները և Բաքվի ու Երևանի միջև խաղաղ բանակցությունների առաջընթացը հստակ ցույց են տալիս այդ փաստաթղթերի կողմնակալ բնույթը»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ստորագրված ԵՄ-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը «հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին»: Մասնավորապես բողոք է հարուցել «Լեռնային Ղարաբաղի հայեր, որոնք դարձել են տեղահանված» ձևակերպումը։ Ադրբեջանը պնդում է, թե նրանք լքել են երկիրը կամավոր, հրաժարվելով վերաինտեգրվելուց, և նրանց փախստական անվանելը դիտարկում է որպես միակողմանի մոտեցում։

Leave a Comment