Ռամկավարները Փաշինյանին կոչ են արել երաշխավորել եպիսկոպոսների մուտքը ՀՀ և ազատ տեղաշարժը

Ռամկավարները Փաշինյանին կոչ են արել երաշխավորել եպիսկոպոսների մուտքը ՀՀ և ազատ տեղաշարժը

18 դեկտեմբերի 2025 – 12:08 AMT

PanARMENIAN.NetՌամկավար ազատական կուսակցությունը հանդես է եկել կոչով՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով պահանջում է երաշխավորել Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու համար Հայաստան եկող եպիսկոպոսների անխոչընդոտ մուտքը երկիր, նրանց անձեռնմխելիությունը, ազատ տեղաշարժը, խոսքի ազատությունն ու ֆիզիկական ապահովությունը։ Կուսակցությունը հայտարարություն է տարածել` վկայակոչելով ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածները, ինչպես նաև ժողովներ ու հավաքներ կազմակերպելու ազատության վերաբերյալ միջազգային պայմանագրերը, հայտնում է Sputnik Արմենիան։

Ըստ որոշ հրապարակումների՝ դեկտեմբերի 10-12-ը նշանակված Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվել է ԱԱԾ-ի ճնշումների հետևանքով։ Վեհափառին փոխանցել են՝ եթե ժողովը կայանա, և 10 եպիսկոպոսների վերաբերյալ որոշումներ կայացվեն, դրան կհետևեն անցանկալի զարգացումներ։ Անգամ հոգևորականների անուններ են նշել, որոնց կձերբակալեն, կփակեն տարբեր երկրներից ժամանող հոգևորականների մուտքը կամ կարգելեն վերադառնալ իրենց թեմեր, ուստի վեհափառը չի ցանկացել սրել իրավիճակը։

Ռամկավար կուսակցության հայտարարության մեջ հիշեցվել է, որ օրեր առաջ, երբ հրապարակվել էր Մայր աթոռում Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման և առկա խնդիրների քննարկման մասին տեղեկությունը, այն մեծ արձագանք է ստացել Սփյուռքում։ Ըստ կուսակցության՝ սա հույս է տվել, որ հնարավոր կլինի կանխել այդ հարցի միջազգային ատյաններ տեղափոխման անհաճո հեռանկարը։

«Իրականում որևէ փոփոխություն չի արձանագրվել, ընդհակառակը` ավելի թափով են շարունակվում հակականոնական գործողությունները, մասնավորապես՝ կարգազանց կամ տիրադավ եկեղեցականների մասնակցությամբ կազմակերպվող թերի և անընդունելի «պատարագները» զանազան սրբավայրերում՝ վարչապետ Փաշինյանի և նրա վարչախմբի ցուցադրական մասնակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Նույն փաստաթղթում ռամկավարները ընդգծել են, որ տարբեր պատրվակներով կալանավորված հոգևորականների ու մյուս քաղբանտարկյալների գործերը խորացրել են վախի մթնոլորտը՝ զրկելով շատ հոգևորականների և նրանց ուղեկցող հավատացյալների մասնակցելու կամ ցանկություն հայտնելու հնարավորությունից։ Այդ իսկ պատճառով, ըստ կուսակցության, անհրաժեշտ են հստակ և գործնական երաշխիքներ։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած մի խումբ եպիսկոպոսներ հանդես են եկել նոր հայտարարությամբ՝ հորդորելով դեկտեմբերի 18–ին միանալ իրենց Մայր Աթոռում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով»։ Արագածոտնի թեմի հոգևորականները հայտարարել են, որ համատեղ աղոթքը, որը կայանալու էր Բյուրականի Ս․ Հովհաննես եկեղեցում, կանցկացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Դրան հաջորդել են քաղաքացիների, այդ թվում քաղաքական և հասարակական գործիչների կոչերը, 15։30–ից հավաքվել Մայր Աթոռում՝ ի աջակցություն եկեղեցու և կաթողիկոսի։

Leave a Comment