18 դեկտեմբերի 2025 – 11:51 AMT
PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 18-ին նավթամթերքի առաջին խմբաքանակը կուղարկվի Ադրբեջանից Հայաստան։
Նշվում է, որ համաձայն նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մգեր Գրիգորյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության՝ ՀՀ կուղարկվի SOCAR պետական նավթային ընկերության կողմից արտադրված АИ-95 տեսակի բենզինով լցված 22 վագոն, հայտնում է ադրբեջանական APA-ն:
Նշվում է, որ ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան ունի բացառապես առևտրային բնույթ, և բենզինը կվաճառվի միջազգային շուկայական գներով։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ Վրացական երկաթուղիներին հանձնարարվել է անհապաղ՝ մեկանգամյա հիմունքներով, անվճար կերպով իրականացնել բեռների երկաթուղային փոխադրումը։
Նշվում է, որ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների արտահանումը արտացոլում է խաղաղ գործընթացի տնտեսական շահութաբերության հայեցակարգը և կարևոր քայլ է երկու երկրների միջև տնտեսական և առևտրային կապերի ձևավորման ուղղությամբ, կնպաստի տարածաշրջանում տնտեսական համագործակցության զարգացմանը և ապագայում տարածաշրջանային երկրների միջև կապերի ընդլայնմանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատել էր, որ օրեր առաջ Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Այն հարցին ի պատասխան, թե արդյո՞ք Երևանն ու Բաքուն արդեն պայմանավորվել են Ադրբեջանից վառելիքի ներկրման շուրջ, փոխվարչապետը պատասխանել է. «Այո, քննարկումներ եղել են, համագործակցության հնարավորություններ կան»։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի Արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևն էր հայտարարել, որ սահամանզատման գործընթացին զուգահեռ փոխվարչապետերը քննարկել են նաև երկու երկրների միջև փոխադարձ առևտրի որոշակի ոլորտներ։ Եվ որ այժմ քննարկվող ոլորտներից մեկը նավթի և նավթամթերքի արտահանումն է Ադրբեջանից Հայաստան: