Հակոբյան. Գուցե պարզվի, որ Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել

Հակոբյան. Գուցե պարզվի, որ Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել

18 դեկտեմբերի 2025 – 10:37 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում մի հատված է հրապարակել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից և անդրադարձել քանդակագործ Լևոն Թոքմաջյանի հեղինակած Սևակի արձանի շուրջ դժգոհություններին ու քննարկումներին։

«Երեկ սկսեցի վերընթերցել «Անլռելի զանգակատունը»։ Առաջարկում եմ համանուն կոմպոզիցիայի մասին գնահատական հնչեցրած հայրենակիցներիս անպայման նորից կարդալ պոեմը: Գուցե պարզվի, որ Լևոն Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել։

Հ. Գ. Շնորհակալ եմ, նախորդ գրառմանս հետաքրքիր և բովանդակային արձագանքողներին։

Կրթվելը նորաձև է շարժումը ծաղրողներին ուզում եմ ասել՝ արդեն ձանձրալի եք։

Իսկ մասնագիտական համայնքին քաջալերում եմ ավելի համարձակ և բաց լինել։ Այս թեմայով գրառումներս 150 հազար մարդու է հասանելի եղել։ Վստահ եմ՝ մի քանի հազարը արվեստագետներ են, որ սեփական կոմֆորտ զոնաներում քննարկում են թե քանդակը, և թե գրառոոմներս։ Ափսոս, որ մեզ՝ արվեստի հարցում անգրագետներիս նրանց կարծիքը այդպես էլ հասանելի չի դառնում։ Բա այդ դեպքում ինչպե՞ս կրթվենք, լավը վատից ո՞նց տարբերենք»,-գրել է նա։

Հակոբյանն ավելի վաղ ևս անդրադարձ էր այդ թեմային՝ նշելով, որ Լևոն Թոքմաջյանը քանդակել է ոչ թե Սևակի դիմանկարը, այլ նրա պոեմը՝ սեփական ընկալմամբ։

«Լևոն Թոքմանջյանը, ուրեմն, քանդակել է ոչ թե Պարույր Սևակի դեմքը, այլ «Անլռելի զանգակատուն» պոեմն այնպես, ինչպես ինքն է դա տեսնում և այնպես, ինչպես մենք դա չենք տեսնում։ Դրա համար էլ Լևոն Թոքմանջյանն է քանդակագործը, իսկ մենք ամենքս մեր գործին ենք և կարծես թե արվեստից, նկարչությունից ու քանդակներից շատ բան չենք հասկանում»,–գրել էր նախորդ գրառման մեջ։

Դեռևս վերջնական որոշում չի կայացվել, թե արդյոք պետք է ապամոնտաժվի ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակը, որը դեկտեմբերի սկզբին տեղադրվել է Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում։ Դպրոցի տնօրեն Հայկազն Ադամյանն ասել է, որ սպասում են հրապարակված հարցման արդյունքներին ու դրանց ամփոփմանը: Պարույր Սևակի թոռը՝ Սևակ Ղազարյանն ասել էր, որ մի քանի օր էլ կհետևեն հարցման վերջնական արդյունքներին, որից հետո արձանը կհեռացվի դպրոցի բակից։

Լևոն Թոքմաջյանն ավելի վաղ ասել էր, որ քանդակը ստեղծելու պատվեր չի ունեցել, իր նվիրատվությունն է Զանգակատան միջնակարգ դպրոցին։

Leave a Comment