Հայտնի է՝ ինչ հարց են քննարկել Պուտինն ու Էրդողանը վերջին հանդիպման ժամանակ. Bloomberg

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են ավելի վաղ ձեռք բերված C-400 զենիթահրթիռային համալիրները Ռուսաստանին վերադարձնելու հարցը։ Տեղեկությունը հայտնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով՝ Թուրքիայի առաջնորդը հարցը բարձրացրել է անցյալ շաբաթ Թուրքմենստանում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Հարցը նախկինում քննարկվել էր նաև երկու երկրների պաշտոնատար անձանց կողմից:

Ըստ «Bloomberg»–ի` այդ քայլը կարող է թույլ տալ Թուրքիային զգալիորեն բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև ձեռք բերել ամերիկյան F-35 կործանիչներ:

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Անկարան նաև ձգտում է վերադարձնել համակարգերի գնման համար ծախսված միլիարդավոր դոլարները։ Ենթադրվում է, որ Թուրքիան Ռուսաստանից կարող է զեղչ խնդրել ներկրվող էներգառեսուրսների համար։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը դեկտեմբերին հայտարարել էր, որ Անկարան պետք է հրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրներից, որպեսզի կարողանա մասնակցել ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին:

Leave a Comment