Հունգարիան հանել է վետոն․ ՀՀ–ն 20 մլն եվրոյի աջակցություն կստանա Խաղաղության եվրոպական հիմնադրամից

Հունգարիան հանել է վետոն․ ՀՀ–ն 20 մլն եվրոյի աջակցություն կստանա Խաղաղության եվրոպական հիմնադրամից

17 դեկտեմբերի 2025 – 17:03 AMT

PanARMENIAN.NetՀունգարիան հանել է վետոն Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրման որոշումից։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։

«Այս շաբաթ Հունգարիան վերջապես հանեց իր վետոն դեռևս մարտին ՀՀ–ի համար առաջարկված 20 միլիոն եվրոյի ռազմական օգնության փաթեթից՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում»,- գրել է նա։

Նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Եվրամիության բոլոր անդամ պետությունները հասել են քաղաքական համաձայնության՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, հայտնում է Արմենպրեսը։

Որոշումը հաստատվելու է հունվարին։

Հայաստանը 2024 թվականի հուլիսին արդեն ստացել էր 10 միլիոն եվրո՝ դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու նպատակով, ինչը ներառել էր նաև բժշկական օգնության ամբուլատորիա և համապատասխան ծառայություններ ու կարողություններ։

2025 թվականի մարտին Հայաստանը ներկայացրել էր երկրորդ հայտը՝ հիմնադրամից նոր աջակցություն ստանալու նպատակով։ Այնուամենայնիվ, Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում Հունգարիան արգելափակել էր այդ որոշումը։

Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն այն ժամանակ հաստատել էր արգելափակման փաստը՝ նշելով, թե իրենք դեմ չեն Հայաստանի աջակցությանը, սակայն հավասար չափով աջակցություն, ըստ նրանց, պետք է տրամադրվի նաև Ադրբեջանին։

Leave a Comment