Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ «Ավետ-Մհեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ նշանակվել է 7 570 000 ՀՀ դրամի տուգանք ճնշասեղմված բնական այրվող գազի` թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար։
«Մասնավորապես, հարուցված վարույթի շրջանակում իրականացված ստուգումների արդյունքում «Ավետ-Մհեր» ընկերությանը պատկանող, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Կամոյի 13/1 հասցեում գործող գազալցակայանում հայտնաբերվել են թույլատրելի նորմը 8 և 10 անգամ գերազանցող շեղումներ։
Մասնավորապես գազալցակայանի 1-ին գազաբաշխիչ աշտարակի 1-ին խողովակի և 3-րդ գազաբաշխիչ աշտարակի 2-րդ խողովակի արտացոլած ցուցիչները կազմել են 3 կգ, մինչդեռ աշխատանքային չափանմուշի արտացոլած ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 2,75 կգ, փաստացի շեղումը՝ 0,25 կգ (8.33%), և 2,70 կգ, փաստացի շեղումը՝ 0,30 կգ (10%) այն դեպքում, երբ թույլատրելի շեղումը կազմում է 0,03 կգ (1%)»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter