Կոբախիձե. Կարևորում ենք Երևանի և Բաքվի շահերը, բայց մեր շահերն էլ ունենք

Կոբախիձե. Կարևորում ենք Երևանի և Բաքվի շահերը, բայց մեր շահերն էլ ունենք

17 դեկտեմբերի 2025 – 13:37 AMT

PanARMENIAN.Net – Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, անդրադառնալով Ադրբեջանից Վրաստանի տարածքով տարանցման թեմային, ասել է, որ կարևորում են Երևանի և Բաքվի շահերը, բայց իրենց շահերն էլ ունեն, հայտնում է Media.az-ը։

«Մեզ համար կարևոր են թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերի շահերը։ Մենք ունենք նաև մեր շահերը, և ես կարծում եմ, որ, բանակցությունների արդյունքներից ելնելով, մենք հեշտությամբ կգտնենք լավագույն լուծումը, որը կծառայի բոլոր երեք երկրների շահերին», – ասել է Կոբախիձեն։

Նա նշել է, որ Թուրքմենստանում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ բանակցությունների հիմնական թեման Ադրբեջանից Վրաստանի տարածքով տարանցման վերջնական համաձայնեցումն է եղել։

Կոբախիձեն ընդգծել է, որ Ադրբեջանը Վրաստանի համար առանձնահատուկ բարեկամ է։

«Մեր կառավարությունների միջև ձևավորվել են բացառապես բարեկամական հարաբերություններ, ուստի մեզ համար դժվար չի լինի լեզու գտնել ցանկացած հարցի շուրջ», – ընդգծել է Վրաստանի վարչապետը։

Ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտարարել է, որ Վրաստանը տուրքեր չի գանձի դեպի ՀՀ ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար։ Մինչ այդ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, թե Վրաստանն իբր Ադրբեջանից Հայաստան նավթի հնարավոր տարանցման համար պահանջել է 92 դոլար մեկ տոննայի դիմաց։

Դոհայում ընթացող միջազգային ֆորումի ընթացքում Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը։ Ըստ նրա՝ Գաբալայում կայացած հանդիպմանն են նավթի արտահանման թեմային անդրադարձել։ Ալիևի օգնականն այս քննարկումներն աննախադեպ է որակել՝ առանց այլ մանրամասներ հաղորդելու։

Leave a Comment